Լևոն Ջուլֆալակյանը շարունակելու է գլխավորել հունահռոմեականների ազգային հավաքականը

Լևոն Ջուլֆալակյանը շարունակելու է գլխավորել հունահռոմեականների ազգային հավաքականը

PanARMENIAN.Net - Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայում փոփոխություններ են տեղի ունեցել: Այս մասին հունիսի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է ֆեդերացիայի մամուլի խոսնակ Կարեն Գիլոյանը:

Նա տեղեկացրել է, որ եվրոպայի, աշխարհի և օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը շարունակելու է գլխավորել Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականը:

«Հավաքականի մարզչի պաշտոնակատարն այս պահին Հաբեթնակ Կուրղինյանն է, որը եղել է հավաքականի մարզչական շտաբում»,- նշել է ֆեդերացիայի մամուլի խոսնակը:

Գիլոյանը տեղեկացրել է, որ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն Արայիկ Բաղդադյանն է, որը Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչն էր:

«Այժմ նա աշխատելու է որպես գլխավոր քարտուղար, որը միջազգային կառույցների հետ կապի առաջին պաշտոնյան է: Ֆեդերացիայում նշանակվել է երկու փոխնախագահ, հունահռոմեական ոճը կհամակարգի Արսեն Բադալյանը: Ռոբերտ Խաչատրյանը ազատ ոճի ըմբշամարտի պատասխանատուն է, փոխնախագահը»,-ներկայացրել է նա:

Գիլոյանի խոսքով՝ ակտիվացվելու է Երևանի ըմբշամարտի ֆեդերացիան, որի նախագահը Սամվել Գևորգյանն է, գրում է Panorama.am-ը:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, Ատլանտայի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արմեն Մկրտչյանը հրաժարական է տվել՝ սեփական դիմումի համաձայն, և լքել է երկիրը։

Անդրադառնալով Արմեն Մկրտչյանի հրաժարականին՝ Գիլոյանը ներկայացրել է նրա անձնական դիմումը և ասել.

«Դիմումում նշված է՝ աղջկաս հիվանդության պատճառով, խնդրում եմ ազատել հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից: Այն գրված և ստորագրված է իր ձեռքով: Արմեն Մկրտչյանը վատ չաշխատեց, Եվրոպայի առաջնությունից երեկ էլ Հայաստանը երեք բրոնզե մեդալ բերեց, կարճ էր ժամանակը, շնորհակալ ենք նրան աշխատանքի համար»:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---