Հունիսի 17-ին Արցախում վիրավորված զինվորի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ

Հունիսի 17-ին Արցախում վիրավորված զինվորի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ

PanARMENIAN.Net - Արցախից Երևանի Կենտրոնական կլինիկական զինհոսպիտալ տեղափոխված զինծառայող Յուրի Զաքարյանի առողջական վիճակը շարունակում է գնահատվել ծայրահեղ ծանր: Այդ մասին հայտնել է ՊՆ բուժծառայության վարչության պետ Կամավոր Խաչատրյանը:

Հունիսի 19-ին Ստեփանակերտից Երևան է տեղափոխվել հունիսի 17-ին վիրավորված 1997 թվականի ծնված ժամկետային զինծառայող Յուրի Զաքարյանը: Զինծառայողը ստացել է գլխի հրազենային վնասվածք:

«Վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, սակայն հաջողվել է այն կայունացնել», - ասել է Խաչատրյանը` նշելով, որ պահպանվում է կյանքին սպառնացող վտանգը, հայտնում է Aysor.am-ը:

Ինչ վերաբերում է ավելի վաղ Երևան տեղափոխված զինծառայող Արմեն Վարդանյանին և Մյասնիկ Հովհաննիսյանին` նրանց վիճակը գնահատվում է կայուն:

«Արմեն Վարդանյանը վիճակը նորմալացել է, սակայն զինծառայողի գլխում կա բեկոր: Այն հանելու մասին դեռևս խոսել չենք կարող, քանի որ նախ պետք է կարգավորենք վիճակը, որից հետո կլինի կոնսիլիում ու կորոշենք` ի՞նչ անել, վիրահատել և հանել, թե կապսուլավորել ու թողնել: Ինչ վերաբերում է «Մալայան» ակնաբուժական կենտրոնում գտնվող Մյասնիկ Հովհաննիսյանին, ապա, ինչպես գիտեք, նա վիրահատվել է, և բժիշիկները նշում են, որ նրա տեսողությունը հնարավոր կլինի վերականգնել», - ասել է Կամավոր Խաչատրյանը:

Արցախի սահմանին աչքի վիրավորում և այրվածքներ ստացած 33-ամյա պայմանագրային զինծառայողին Զինվորական կենտրոնական հոսպիտալում հունիսի 17-ին առաջին բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխել են մասնագիտացված կենտրոն։

Ընթերցեք նաև.ԱՆ. Զինվորի տեսողությունը կվերականգնվի, եթե բարդություններ չլինեն

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---