Վոլֆգանգ Իշինգեր. Դեկտեմբերի 19-ին ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում Կոսովոյի հարցում համաձայնություն ձեռք չի բերվի

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 19-ին ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում Կոսովոյի հարցում համաձայնություն ձեռք չի բերվի: Այդ մասին հայտարարել է Կոսովոյի գծով միջնորդների «եռյակում» ԵՄ-ի նախկին ներկայացուցիչ Վոլֆգանգ Իշինգերը:



«Խորհրդի անդամների տեսակետից Կոսովոյի շուրջ այսօրվա իրավիճակը քիչ է տարբերվում հունիսի կամ հուլիսի իրավիճակից, երբ մերժվեց Ախտիսաարիի ծրագիրը: Հաշվի առնելով մոտ ապագայում երկրամասի անկախությունը հռչակելու Պրիշտինայի մտադրությունը` Եվրամիությունը պետք է ի վիճակի լինի ոչ միայն սատարել այդ որոշմանը, այլ նաեւ ճիշտ ուղերձներ հղել հարեւաններին, առաջին հերթին Սերբիային»,-նշել է գերմանացի դիվանագետը:



Կոսովոյի խնդրի կարգավորման հարցում Իշինգերը առանձնացնում է Եվրամիության դերը, կապված, իր կարծիքով, ԵՄ-ին անդամակցելու հեռանկարի հետ` դա այն փոքրաթիվ գործոններից մեկն է, որ միավորում է սերբերին եւ կոսովարներին:



Վ.Իշինգերը համարում է, որ սերբական կողմը ուժ չի կիրառի Կոսովոյում այն դեպքում, եթե Կոսովոյի ալբանացիների կառավարությունը միակողմանի կարգով հռչակի երկրամասի անկախությունը: Նա նշել է, որ իրական է համարում մի սցենար, ըստ որի Կոսովոյի անկախության հռչակումից հետո Բելգրադը կհայտարարի, թե այդ քայլը հակասում է միջազգային իրավական ակտերին եւ չի ճանաչի այն:



«Կոսովոյի խնդրի լուծումը եվրոպացիների ընդհանուր գործունակության ցուցանիշն է: «Ի սկզբանե պարզ էր, որ «եռյակը» կփորձի անել անկատարելին, հաշվարկել «շրջանի քառակուսի մակերեսը»,-ընդգծել է նա:



Ռուսաստանի առումով Իշինգերը նշել է, որ Մոսկվայի դիրքորոշումը, որը կուրորեն սատարում է սերբերին բոլոր հարցերում, ընդհանուր ոչ մի բան չունի «եղբայր սլավոնների հանդեպ համերաշխության» հետ, այլ բացատրվում է ՆԱՏՕ-ի ընդլայնմանը խոչընդոտելու Ռուսաստանի ձգտմամբ, հաղորդում է Deutsche Welle-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---