Բողոքի ակցիաներ կլինեն ընդդեմ Սևանից հավելյալ ջրառի

Բողոքի ակցիաներ կլինեն ընդդեմ Սևանից հավելյալ ջրառի

PanARMENIAN.Net - Հուլիսի 4-ին` ժամը 10:00-ին, «S.O.S. Սևան» նախաձեռնությունը ՀՀ Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա կանցկացնի` ուղղված Սևանա լճից հավելյալ 100 միլիոն խմ ջուր վերցնելու կառավարության առաջարկի դեմ:

Նույն օրը` ժամը 9:00-ին Գեղարքունիքի մարզում տեղի բնակիչները բողոքի ակցիա կանցկացնեն Սևան-Հրազդան ջրառի մուտքի մոտ («Հարսնաքար» հյուրանոցային համալիրի հարևանությամբ):

Հուլիսի 4-ին` ժամը 10:00-ին, ՀՀ Ազգային ժողովը կսկի նիստը, որի օրակարգում ընդգրկված է ՀՀ կառավարության մշակած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով նախատեսվում է 2017թ-ին Սևանա լճից օրենքով սահմանված 170 մլն մ3 առավելագույն ջրառից բացի 100 միլիոն մ3 լրացուցիչ ջուր բաց թողնել:

Հունիսի 3-ին ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետական կուսակցություն և «Ծառուկյան» խմբակցությունների 6 պատգամավորը կողմ քվեարկեցին օրինագծին: Օրինագծին դեմ քվեարկեցին ԵԼՔ և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների 2 պատգամավորը:

Սևանա լիճն ընդամենը մի քանի օրվա ընթացքում իջել է 4 սմ-ով` 1900.91սմ-ից 1900.87 սմ` օրենքով նախատեսված ջրառի շրջանակներում: Սևանա լճից արդեն բաց է թողնվել 100 միլիոն խմ-ից ավելի ջուր: Հուլիսի 3-ի դրությամբ Սևանա լիճը բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից ընդամենը 11 սմ-ով: Կառավարությունը պնդում է, որ հավելյալ ջրառի արդյունքում Սևանը կիջնի 8 սմ-ով` ապահովելով դրական հաշվեկշիռ:

«S.O.S. Սևան» նախաձեռնությունը պնդում է, որեթե այս սակավաջուր շրջանում Սևանա լճից հավելյալ 100 միլիոն խմ ջուր վերցվի, Սևանա լիճն անխուսափելիորեն բացասական հաշվեկշիռ կունենա:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---