Գլխավոր դատախազ. Դատաբժշկական հետաքննությունը Արթուր Սարգսյանի մահվան մասին հստակ պատասխան կտա

Գլխավոր դատախազ. Դատաբժշկական հետաքննությունը Արթուր Սարգսյանի մահվան մասին հստակ պատասխան կտա

PanARMENIAN.Net - Քրգործով նշանակված դատաբժշկական հետաքննությունը հստակ պատասխան կտա Արթուր Սարգսյանի մահվան վերաբերյալ: Այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով «Հաց բերողի» մասին ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հարցին:

Փաշինյանը նշել է, որ դատախազությունը անտեսել է իր ու ԵԼՔ դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանի հորդորը:

«Մենք ձեզ ասում էինք, որ այս ձեր պահվածքով իրավապահ համակարգը Արթուր Սարգսյանին մահվան է դատապարտում: Էդմոն Մարուքյանի հետ ձեզ անձամբ զգուշացրել ենք ու կյանքը ցույց տվեց, որ ձեր տրամաբանությամբ՝ մեր ոչ փորձագիտական կարծիքը ճիշտ էր», -ասել է պատգամավորը:

Ի պատասխան՝ Դավթյանն ընդգծել է, որ դիտարկումը ճիշտ չէ: Նա նշել է, որ Սարգսյանը տևական ժամանակ եղել է ազատության մեջ, տեղափոխվել է հիվանդանոց ու վիրահատվել, ապա ընդգծել է, որ քրգործով նշանակված դատաբժշկական հետաքննությունը հստակ պատասխան կտա Արթուր Սարգսյանի մահվան վերաբերյալ:

Փաշինյանը նաև հետաքրքրվել է ՀՀ գլխավոր դատախազից, թե ինչո՞ւ է արգելվում «Սասնա ծռերի» և հարակից գործերով կալանքի տակ գտնվող անձանց ընտանիքի անդամների տեսակցությունը, գրում է Aysor.am-ը:

Դատախազն ընդգծել է, որ դա բխում է քրեական գործի համապատասխան փաստական հանգամանքներից:

«Առանձին դեպքերում տեսակցությունների հնարավորության պայմաններում մեղադրյալն ապօրինի ներգործություն կարող է ունենալ վարույթի իրականացման վրա և որևէ մեկի նկատմամբ, այդ թվում՝ ձեր թվարկած քրգործերով անձնական հաշվեհարդարի խնդիր չկա», -ասել է Դավթյանը:

Փաշինյանը նաև հարցրել է, թե ինչու է մերժվել Անդրիաս Ղուկասյանի կալանքը չեղարկելու իրենց միջնորդությունը՝ հաշվի առնելով, որ Ղուկասյանից ստացվել էր հավաստիություն առ այն, որ ինքը չի ազդի նախաքննության վրա:

Դատախազը պատասխանել է, որ համապատասխան քրգործերով ձեռք բերված տվյալներն այնպիսին են, որ անձնական երաշխավորությունը կամ անազատության մեջ խափանման միջոցը հնարավորություն չի տալիս երաշխավորել նրա պատշաճ վարքագիծը:

49-ամյա Սարգսյանը մահացել է հունվարի 16-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: «Արմենիա» ԲԿ վիրաբուժական գծով տնօրեն Արսեն Գրիգորյանն ասել էր, որ բժիշկներն արել են հնարավորը՝ «Հաց բերողի» կյանքը փրկելու համար։

Դրանից առաջ Սարգսյանը 25 օր հացադուլի մեջ էր «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: Մարտի 6-ին նա ազատ էր արձակվել. ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ ընդունվել էր 27 պատգամավորի կողմից երաշխավորությունը և Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել էր:

Արթուր Սարգսյանը 2016-ի հուլիսի 26-ին՝ ճեղքելով ոստիկանական պատնեշները սեփական մեքենայով սնունդ էր հացրել ՊՊԾ գնդի զավթած տարածք և միացել «Սասնա ծռերին»: 2017-ի փետրվարի 9-ին դատարանը որոշել է կրկին փոխել Արթուր Սարգսյանի խափանման միջոցը՝ երկու ամսով կալանավորելով նրան: Նա այժմ մեղադրվում է զինված խմբի անդամներին օժանդակելու մեջ: Մինչև այդ Սարգսյանը մեղադրվում էր պատանդ վերցնելու, շենք, շինություններ զավթելու և ապօրինի զենք կրելու համար, ինչպես և խմբի մյուս անդամները։

 Ուշագրավ
Նա ցուցումներ է տվել նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ
Պահանջում են չեղարկել թանկացումը և բյուրոյի պետի հրաժարականը
Փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ
---