Վարդան Օսկանյան. Հայ-իրանական հարաբերությունները 2007 թվականին զարգացել են արդյունավետ ձեւով

PanARMENIAN.Net - Հայ-իրանական հարաբերությունները 2007 թվականին զարգացել են արդյունավետ ձեւով: Կայացել են տարբեր մակարդակների մոտ երեք տասնյակ փոխայցելություններ, կյանքի են կոչվել ռազմավարական նշանակության մի շարք ծրագրեր: Այդ մասին 2007 թվականին ՀՀ արտաքին քաղաքականության արդյունքներին նվիրված մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացման տեսանկյունից կարեւոր իրադարձություն էր հոկտեմբերին ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցը Հայաստան, որի ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող խնդիրներ, ստորագրվել են տարբեր բնագավառների առնչվող միջազգային պայմանագրեր: «Պայմանավորվածություն է ձեռք բերվել Թավրիզում ՀՀ եւ Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսություններ հիմնելու մասին»,-նշել է Օսկանյանը:



Հիշարժան են նաեւ ԻԻՀ նախագահի տեղակալ, ԻԻՀ ֆիզիկական դաստիարակության կազմակերպության ղեկավար Մոհամմադ Ալի Աբադիի, ԻԻՀ պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարար, գեներալ-մայոր Մոհամմադ Նաջարի այցերը Երեւան: Սեպտեմբերին Թեհրանում կայացած Չմիավորման շարժման արտգործնախարարների վեհաժողովին մասնակցել է ՀՀ ԱԳ փոխնախարար Գ. Ղարիբջանյանը:

Հուլիսին Երեւանում գումարվել է հայ-իրանական կապերի կոորդինացման միջկառավարական հանձնաժողովի (համանախագահներ` ԻԻՀ ԱԳ նախարար Մ.Մոթաքքի եւ ՀՀ էներգետիկայի նախարար Ա. Մովսիսյան) 7-րդ համատեղ նիստը, որի արդյունքում ստորագրված Փոխըմբռնման հուշագրով ամրագրվել են համագործակցության նոր հեռանկարները էներգետիկայի, տրանսպորտի, կապի, գյուղատնտեսության, առողջապահության, գիտության, կրթության, մշակույթի եւ այլ ոլորտներում:



«Էներգետիկայի բնագավառը շարունակում է առանձնահատուկ տեղ գրավել հայ-իրանական հարաբերություններում: Մարտին տեղի է ունեցել Իրան-Հայաստան գազատարի բացումը` երկու երկրների նախագահների մասնակցությամբ: ՀՀ եւ ԻԻՀ էներգետիկայի նախարարները ստորագրել են համաձայնագիր` Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու եւ շահագործելու մասին: Ընթացքի մեջ է Իրան-Հայաստան գազատարի 2-րդ հատվածի կառուցումը, օրակարգում է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գիծը, շարունակվում են ՀՀ տարածքում նավթազտարանի կառուցմանը նվիրված ՀՀ, ԻԻՀ եւ ՌԴ եռակողմ քննարկումները: Տեղի են ունեցել փորձագիտական հինգ հանդիպումներ, որոնց ընթացքում հստակեցվել են նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման եւ կազմակերպական հարցերը»,-նշել է Վ.Օսկանյանը:



Տրանսպորտի բնագավառում հայ-իրանական համագործակցության համար նշանակալից իրադարձություն էր Մեղրի-Շվանիձոր-Ծավ-Դարավան միջպետական ավտոմայրուղու շահագործումը, որը զգալիորեն կդյուրացնի ցամաքային ուղիղ կապն Իրանի հետ: Ներկայումս կողմերն իրականացնում են Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման նախագծի փորձագիտական ուսումնասիրությունը: «Թեհրանում հոկտեմբերին ՀՀ տրանսպորտի եւ կապի ու ԻԻՀ ճանապարհների եւ հաղորդակցության նախարարությունների միջեւ ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր` Իրանի տարածքով հայկական տարանցիկ բեռնափոխադրումների դյուրացման մասին»,-ասել է Օսկանյանը:



Նա նաեւ նշել է, որ տարվա ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Օսկանյանը երկու հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մ. Մոթաքքիի հետ` հուլիսին` Երեւանում եւ սեպտեմբերին` Նյու-Յորքում` ՄԱԿ-ի ԳԱ շրջանակներում: Նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր, տարածաշրջանային խնդիրներ, Իրանի միջուկային ծրագրերի շուրջ ընթացող զարգացումները, Լեռնային Ղարաբաղի բանակցային ընթացքն ու միջազգային կազմակերպություններում համագործակցության հեռանկարները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---