Զինծառայողների իրավունքները երաշխավորող օրինագծեր են մշակվել

Զինծառայողների իրավունքները երաշխավորող օրինագծեր են մշակվել

PanARMENIAN.Net - ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում զինծառայողների իրավունքների վերաբերյալ բողոքների ուսումնասիրության հիման վրա մշակվել և շրջանառության է ներկայացվել օրենսդրական նախագծերի փաթեթ: Նախագծերը, մասնավորապես, վերաբերում են զինվորական ծառայության ոլորտում զինծառայողների իրավունքների երաշխավորմանը:

Փաթեթում տեղ են գտել հետևյալ հիմնական առաջարկները.

- նախկինում հանցագործություն կատարած լինելու փաստը, որպես զինծառայողի կարգապահական պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք, բացառել,

- հստակ ամրագրել կարգապահական տույժի մասին հրամանը զինծառայողին տրամադրելու կամ հայտարարելու պարտադիր պահանջ: Սահմանել այն որոշումների տեսակները, որոնք կարող են ընդունվել վերադաս հրամանատարի կողմից՝ կարգապահական տույժ տալու մասին որոշումը զինծառայողի կողմից բողոքարկելու արդյունքում,

- բացառել զինծառայողի նկատմամբ «օրվա արտահերթ վերակարգի» կիրառումը՝ որպես կարգապահական տույժ,

- օրենսդրությամբ ուղղակիորեն ամրագրել, որ ծառայողական քննությանը մասնակցելու պահից զինծառայողն իրավունք ունի գրավոր ծանոթանալու իր իրավունքներին և պարտականություններին,

- հստակեցնել զինծառայողների նկատմամբ ծառայողական քննությունը դադարեցնելու, կասեցնելու, քննությունը վերսկսելու հիմքերը և ընթացակարգը,

- բացառել վարժական հավաքներից խուսափելու համար միաժամանակ և՛ քրեական, և՛ վարչական պատասխանատվության ենթարկելը,

- հստակ սահմանել զինապարտների և զինծառայողների առողջական վիճակի բժշկական ու ռազմաբժշկական փորձաքննություն իրականացնող մարմինների որոշումներին (եզրակացություններին) վերաբերող պահանջները և դրանցում պարտադիր ներառվող տեղեկությունների շրջանակը,

- օրենսդրությամբ ամրագրել այն դեպքերը, երբ պարտադիր զինվորական ծառայության անցնող նորակոչիկը, իր ցանկությամբ, կարող է զորակոչվել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող եղբոր զորամաս:

Վերոնշյալ նախագծերը ներկայացվել են համապատասխան պետական մարմիններ և իրավապաշտպան կազմակերպություններ՝ կարծիքի:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---