Գինեսի գրասենյակը հաստատել է ջութակահար Մադոյանի ռեկորդը

Գինեսի գրասենյակը հաստատել է ջութակահար Մադոյանի ռեկորդը

PanARMENIAN.Net - Գինեսի ռեկորդների համաշխարհային գրասենյակը հաստատել է հայտնի հայ ջութակահար, Հայաստանի վաստակավոր արտիստ Նիկոլայ Մադոյանի Երևանում ամիսներ առաջ սահմանած երաժշտական ռեկորդը: Այդ մասին ջութակահարը գրել է իր ֆեյսբուքյան էջում:

2017-ի փետրվարի 11-12-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Մադոյանը նվագել է 33 ժամ (ամեն ժամ 5-րոպեանոց ընդմիջումներով)՝ կատարելով 59 երաժշտական ստեղծագործություն, այդ թվում նաև Կոմիտասի երկերից:

Մադոյանը հիշեցրել է, որ 30 տարի է, ինչ բարձր բեմերում է. մի ժամանակահատված, որն համընկել է Արցախյան հերոսամարտի ընթացքի հետ:

«Իմ այս փոքրիկ հաղթանակը նվիրում եմ մեր մեծ Հաղթանակը կերտող բոլոր ազատամարտիկներին. կենդանի և անմահացած: Շնորհակալ եմ նաև տարիների նվիրյալ ունկնդիրներիս, ինչ ազգության էլ որ լինեն, իմ արվեստի ճանապարհին ինձ ուժ և անսահման երևակայություն հաղորդելու համար: Խոնարհվում եմ մեր ժողովրդի պատմության ու գալիքի և, իհարկե, համայն մարդկության հրաշագեղ մոլորակն արարող մեծագույն Ուժի առջև»,-գրել է Մադոյանը:

Մադոյանը սկսել է ջութակ նվագել յոթ տարեկանից՝ Էմմա Գեսելևայի (Նուրազյանի) ղեկավարությամբ, ապա սովորել է Երևանի երաժշտանոցի պրոֆեսոր Հրաչյա Բոգդանյանի մոտ: 1986-ի նոյեմբերին մոր հետ տեղափոխվել է Նովոսիբիրսկ՝ հայտնի դասախոս Զախար Բրոնի մոտ սովորելու նպատակով: 1988 թվականին դարձել է Չայկովսկու անվան Համամիութենական մրցույթի հաղթող՝ երիտասարդ կատարողների անվանակարգում` կատարելով Չայկովսկու ջութակի համերգը (խմբավար Արնոլդ Կաց)։

1989-ին Զախար Բրոնի ընտանիքի և նրա մյուս աշակերտների՝ Վադիմ Ռեպինի, Մաքսիմ Վենգերովի և Նատալյա Պրիշչեպենկոյի հետ միասին տեղափոխվել է Լյուբեկ (Գերմանիա)։ Մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների։ 1991-ին դարձել է Գեորգ Կլլենկամպֆի անվան ջութակարարների միջազգային մրցույթի հաղթող։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---