Ռոք ֆեսթ Սևանում․ «Խելառ ափի ոչ ֆորմալ հանրապետություն ենք հռչակում»

Ռոք ֆեսթ Սևանում․ «Խելառ ափի ոչ ֆորմալ հանրապետություն ենք հռչակում»

PanARMENIAN.Net - Ռոքի սիրահարների համար MadFest-ը կազմակերպել է ռոքի 2 օր Սևանա լճի ափին։ Հուլիսի 29-ին և 30-ին ցերեկային ժամանցն ու afterparty-ն ապահովում են Rijj Hower-ն ու Lucy Sówa-ն։

Հուլիսի 29-ի երեկոյան՝ ժամը 20։00-ին, սկսվել է Ռոք ֆեսթը՝ հայտնի երաժիշտների մասնակցությամբ՝ Vostan Hayots, Mad Nation, Lousnelius, FairWind, Aratta Band, Adana Project, INOGEN, Lab.Docz և այլոք։ Հատուկ հյուրեր-The Band 36.6 / Sacvoyage Band։

Փառատոնի կամակերպիչներից ու մասնակիցներից Յոհան Կոստանին` հանրահայտ «Ոստան հայոց» ռոք խմբի մենակատարը, PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց, որ Սևանա լճի ափին «խենթ ֆեսթ են անցկացնում»։

«Փառատոնի կազմակերպման համար խելագար սեղմ ժամկետներ ենք ունեցել, խելագար քիչ ռեսուրսներ, խելագար էնտուզիաստներ։ Մենք փորձել ենք այնպես անել, որ մարդիկ այստեղ հանգիստ քայլեն, հարբեն, համբուրվեն, գժվեն, լողան, իսկ մենք նրանց ոգևորելու ենք երաժշտությամբ։ Մենք այստեղ, մեր հայրենիքի այս մի կտորում հռչակում ենք խելառ ափի ոչ ֆորմալ հանրապետություն՝ իր օրենքներով, այլ խաղ է սա․ չի կարելի չուրախանալ, չի կարելի միայնակ մնալ, չի կարելի կոպտել․․․», - փառատոնի մասնակիցների համար վրանները խփելու գործընթացից մի պահ շեղվելով ասում է Կոստանին։

Նա պատմում է․ «երեկ կար մի պահ՝ 4 օր չքնելուց հետո, երբ մարդիկ ուզում էին հանձնվել, նույնիսկ չեղարկել բառը հնչեց, ես ասացի, որ դա կլինի դավաճանություն։ Նաև գաղափարն այն է, որ մենք չենք ցանկացել, որ ամեն ինչ շատ քաղաքավարի լինի․ «անցեք, ձեր բեյջերը ցույց տվեք, նստեք այստեղ», ոչ՝ այս լողափ կարող է մտնել ցանկացած մեկը»։

Ֆեսթին մասնակցում են նաև Հայաստանի մի խումբ բայքերներ։ Նրանցից մեկը Ջորջն է՝ բայքեր և դերասան Գևորգ Գևորգյանը, ով Սևանի MadBeach ափ է հասել՝ չնայած ոտքի կոտրվածքին։ Նա ասում է, որ ռոք փառատոնը նրանց համար «մոտո քշելու առիթ է»։

«Ասացին՝ ռոք ֆեստ է, ու մենք հավաքվեցինք մոտո քշելու։ Ռոքն էլ, գիտեք, բայքերների կյանքի անբաժան մասնիկն է»։

Aratta band-ի կիթառահար Տարոն Գրիգորյանը պատմում է, որ առաջին անգամ են բացօթյա, վրանային ռոք ֆեսթի մասնակցում․

«Նվագում ենք ֆոլք, ֆոլք-ռոք, համեմված տարբեր երաժշտությամբ՝ ֆանկ, ռեգգի և այլն, ուրախ ենք, որ մասնակցում ենք ֆեսթին, քանի որ շատ լավ է քաղաքից դուրս, լճի ափին նվագել․ լիքը վրաններ, աղջիկներ, խմել, լավ է մի խոսքով, Ջիմի Հենդրիքսի ժամանակներն են այստեղ։ Իսկ մեր երաժշտությունը զարմացնող է, լավ կնվագենք այսօր։ Կնվագեն նաև խմբեր, որոնց կուզենանք լսել»։

Ընդհանուր առմամբ, Սևանի Ռոք ֆեսթին նվագում են՝ Vostan Hayots - Ոստան Հայոց, Mad Nation, Lousnelius, FairWind, Aratta Band, Adana Project, INOGEN The Lab.Docz և այլոք։

Իսկ երեկոներն անցնում են մեծ խարույկի շուրջ բալլադային ռոք երաժշտության ուղեկցությամբ։

Հ.Գ․ Փառատոնի միակ վատ կողմը վատ կազմակերպվածությունն էր։ Ֆեսթը լուսաբանող երկու լրագրող ստիպված էին հետ վերարադառնալ ավտոստոպով` Ճամբարակի երկու ոստիկանի օգնությամբ, որոնք Երևան գնացող մեքենա կանգնեցրին և խնդրեցին ճամփորդակիցների վերցնել։ Եվ դա այն դեպքում, երբ լրագրողների տեղափոխման հարցը նախապես հստակեցվել էր:

Լուսինե Դալլաքյան\ PanARMENIAN.Net, Photo` Ալինա Հովհանեսյանի ֆեյսբուքյան էջից
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---