Մարզիչ. Հայ ֆուտբոլիստները պայքարեցին մինչև վերջին վայրկյանը

Մարզիչ. Հայ ֆուտբոլիստները պայքարեցին մինչև վերջին վայրկյանը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 1-ին Բուխարեստի «Արենա Նացիոնալա» մարզադաշտում կայացել է ֆուտբոլի Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Ռումինիա-Հայաստան խաղը: Հանդիպումն ավարտվել է Ռումինիայի հավաքականի հաղթանակով 1:0 հաշվով։ Միակ գոլի հեղինակն Ալեքսանդրու Մաքսիմն է։

«Մինչև կարմիր քարտն այն, ինչ պլանավորել էինք, ստացվեց։ Գնդակի կորուստը մի քիչ շատ էր մեր կիսադաշտում, ինչի պատճառով մրցակցին հնարավորություններ տվեցինք հակագրոհելու, բայց, ամեն դեպքում, մինչև հեռացումը մեր նախատեսված մարտավարությունը գործում էր»,- խաղից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը, հաղորդում է ՀՖՖ կայքը:

Դիտարկմանը, թե թիմն արժանի խաղ է ցուցադրել անկախ արդյունքից, կարո՞ղ ենք համարել, որ մարզիչը գտել է այն կազմը, որը երկար ընտրում էր, Պետրոսյանը պատասխանել է. «Մենք խաղում ենք միավորներ վաստակելու համար, ինչն այսօր չստացվեց անել։ Ինչ վերաբերվում է մարտունակ կազմին, ապա թիմի հիմնական կորիզը կա, բայց դեռ փնտրտուքների մեջ ենք»։

Պատասխանելով հարցին, թե գոլը բաց են թողել խաղի վերջնամասում, կենտրոնացվածության պատճառո՞վ էր, թե՝ այլ խնդիր կար, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն ասել է. «Կարծում եմ` հոգնածության հետևանք էր։ Տղաները պայքարեցին մինչև վերջին վայրկյանները, նույնիսկ գոլից հետո փորձեցին խաղը փրկել։ Կրկնում եմ, որ այսօր մենք արժանի էինք Բուխարեստից մեկ միավոր տանեինք։ Եթե օգտագործեինք մեր հնարավորություններն, ապա ուրիշ խաղ կստացվեր։ Ոչ մեկի խաղից հիասթափված չեմ, սա թիմային խաղ է և մեր թիմը արեց ամեն ինչ լավ խաղալու համար։ Իսկ եթե ինչ-որ բան եմ տեսել, ինչը դուր չի եկել ինձ, ապա ես խոսելու եմ իմ ֆուտբոլիստների հետ անհատապես»։

Անդրադառնալով 2 հարձակվող փոխարինման դուրս բերելուն՝ նա նշել է. «Առաջինը` պաշտպաններ չունեինք, որ մտնեին դաշտ, իսկ երկրորդը` հոգեբանական առումով շատ կարևոր էր ցույց տալ թիմին, որ մենք կարող ենք նույնիսկ հաղթել։ Ես ճանապարհ ունեմ անցնելու թիմի հետ և ոչինչ չի ստիպի ինձ հետ դառնալ այդ ուղուց»։

Խոսելով Դանիայի հավաքականի հետ առաջիկա խաղի մասին՝ պատասխախենոլվ հարցին, թե ինչ անել, որ թիմն ամբողջությամբ վերակագնվի և պատրաստ լինի այդ խաղին, Պետրոսյանն ասել է. «Չհիասթափվել, պետք է հասցնենք վերականգվել, այն ինչ ցույց տվեցինք Ռումինիայի հետ առաջին խաղակեսում, պետք է անենք նույնը Դանիայի հետ 90 րոպեի ընթացքում, տանը` մեր երկրպագուների առջև»։

Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Դանիա հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 4-ին Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

 Ուշագրավ
Աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի առաջնության գործող բրոնզե մեդալակիր Բելգիան
Նա ԽՍՀՄ հավաքականի կազմում նվաճել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ
Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվողը հայտնել է, որ միանշանակ կմնա ֆուտբոլում