10 մայիսի 2024 - 18:55 AMT
Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար

Արցախի ԱԽ նախկին քարտուղար, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը Armlur.am-ի հետ զրույցում ասել է, որ ինչ անեք–չանեք, պատերազմ լինելու է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար։

Նա ասել է, որ այն ճանապարհով, որով ընթանում ենք, ընթանում ենք դեպի պատերազմ՛ իսկ Խաղաղության խաչմերուկը պատերազմի խաչմերուկն է, գրում է Aysor.am-ը։ :

«Մեղրիով տարանցիկ ճանապարհ եք կառուցում, Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 1925-1926 թվականների տարածքները, որով մտել է Խորհրդային Միության կազմի մեջ, դա անում է 30 հազար 948 քառակուսի կմ: Ճանաչելու է, դրանից հետո 4 տարի այդ ճանապարհը կկառուցեք և, ինչպես վարչապետն է ասում, ինտեգրվեք տնտեսապես, լոգիստիկ և այլն: Սա լուծման առաջին փուլն է:

Մնացած բոլորը՝ գյուղ տալ, էս տալ, էն տալ, մեկ է, էս ինչ անում եք՝ գալու եք վերջին կետին՝ Մեղրիի ճանապարհին: Առանց դրա՝ Ադրբեջանը չի համաձայնելու: Ադրբեջանը 10 տարի գումարներ է ներդնում, որ ինքը դառնա տարածաշրջանում լոգիստիկ, տրանսպորտային, կասպյան ավազանի հարստությունների ուղի, որ իրենով ապրանքներն անցնեն Թուրքիայով Եվրոպա: Մենք պետք է քաղաքական որոշում կայացնենք, թե որն ենք ընտրում՝ այդ միության մեջ լինե՞նք, թե՞ ընտրում ենք այլ ճանապարհ: Հիմա դուք ո՛չ էն եք ասում, ո՛չ էն եք ասում, բայց ասում եք՝ պատրաստվում ենք»,- ասել է նա։

Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին՝ Սամվել Բաբայանն ասել է. «Նիկոլ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տված լիներ: Ես դրա մասին խոսել եմ նոյեմբեր-դեկտեմբերին, որ ընդդիմությունը մանդատները վայր է դնում, պարտադրում գնալ նոր ընտրությունների: Սա միակ ձևն է»:

Հարցին՝ կմիանա՞ք Հայաստանում սկիզբ առած շարժմանը՝ նա արձագանքել է. «Այնտեղից եմ գալիս: Սրբազանին անձամբ չեմ հանդիպել»։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը դեմ է հանդես գալիս Տավուշում մեկնարկած հատվածական սահմանազատմանը, և որի երթը դեպի Երևան առաջնորդում էր ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը մայիսի 9-ին հասել է մայրաքաղաք, որտեղ բազմամարդ հանրահավաք է անցկացրել Հանրապետության հրապարակում։

Բացի սահմանազատումը կասեցնելու պահանջից, հնչել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը, որի համար «տրվել է մեկ ժամ ժամանակ», որը հետո ավելացվել է 20 րոպեով։ ՔՊ խմբակցության ղեկավարն արձագանքել է վարչապետի հրաժարականի պահանջին՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով Փաշինյանի լուսանկարը ՝ «ՀՀ ընտրված վարչապետ» գրությամբ։ Դրան հաջորդել են ՔՊ–ականների նմանատիպ հրապարակումները։

Բագրատ սրբազանը, ընդդիմադիր պատգամավորների հետ խորհրդակցելուց հետո, դիմելով հանրահավաքի մասնակիցներին, հայտարարել է, որ առաջիկա օրերին Ազգային ժողովում նախաձեռնվելու է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։