Լավագույն 5 հավելվածը՝ նիհարել ցանկացողների համար

Լավագույն 5 հավելվածը՝ նիհարել ցանկացողների համար

PanARMENIAN.Net - Նիհարելու գլխավոր գաղտնիքն է՝ այրել ավելի շատ կալորիա, քան ընդունում ես: Իսկ օգտագործած ու այրված կալորիաները հաշվելու ամենահարմար ու այսօր արդեն շատերին հասանելի տարբերակը սմարթֆոններն են՝ համապատասխան հավելվածներով:

PanARMENIAN.Net ը որոշել է պատմել այդ հավելվածներից՝ օգտագործման համար ամենահարմարների մասին:

Lose It! Weight Loss App

Lose It! Հավելվածը նախատեսված է հատուկ նիհարել ցանկացողների համար: Այն նաև վեբ-կայք ունի, ինչի շնորհիվ ձեր տվյալները կարող եք գրանցել ինչպես սմարթֆոնի՝ այնպես էլ համակարգչի միջոցով: Աշխատանքի սկզբունքը շատ պարզ է. Դուք կարող եք սահմանել համապատասխան նշաձողեր՝ որոշակի ժամանակահատվածի համար, թե, օրինակ, որքան կգ եք ցանկանում կորցնել մեկ ամսում: Հավելվածը կօգնի ճաշացանկ կազմել: Բացի այդ, դուք կարող եք գրանցել, թե ինչ և ինչ չափաբաժնով եք օգտագործում օրվա ընթացքում, իսկ հավելվածը կհաշվի կալորիաները:

Եվս մեկ առավելություն, Lose It!-ը կարող եք կապել ֆիզիկական ակտիվությունը հաշվող հավելվածների հետ, օրինակ՝ RunKeeper, և տեսնել, թե որքան կալորիա եք այրել օրվա ընթացքում: Հավելվածն անվճար է, թեև ունի նաև պրեմիում՝ վճարովի տարբերակ:

MyFitnessPal

MyFitnessPal-ը ևս մեկ շատ հայտնի APP է, որը հաշվում է կալորիաները, առաջարկում վարժություններ ու թույլ տալիս կիսվել ձեր գրանցած արդյունքներով: MyFitnessPal-ի տվյալների բազայում ավելի քան 1 մլն ուտեստի մասին տեղեկատվություն կա, ինչը դյուրացնում է կալորիաներ հաշվելու գործընթացները: Այս հավելվածում դուք կարող եք ավելացնել ձեր ընկերներին, Facebook-ի ընկերների հետ կիսվել գրանցած հաջողություններով: Այն հնարավոր է սինքրոնիզացնել FitBit, Withings, Runtastic, Endomondo, Jawbone UP, Pact և այլ մասնագիտացված հավելվածների ու աքսեսուրաների հետ:

Nike+ Training Club

Եթե չգիտեք ինչից սկսել ֆիզիկական վարժություններն ավելորդ քաշի խնդիրները լուծելու համար, կարող եք օգտագործել Nike+ Training Club հավելվածը:

Այն օգնում է ընտրել կոնկրետ մեկ վարժություն կամ կազմել ծրագիր մեկ ամբողջ ամսվա համար: Այստեղ վարժությունների ավելի քան 100 խումբ կա, և հավելվածն օգտակար կլինի ինչպես սկսնակների, այնպես էլ այս գործում արդեն փորձառու մարզիկների համար:

Կարող եք անգամ հավելվածն ակտիվացնել պլանշետի կամ հեռուստացույցի (HDMI լարի միջոցով) վրա և մարզվել դրանց օգնությամբ:

Samsung Health և iPhone Health

Սմարթֆոնների արտադրության համաշխարհային առաջատարներ Samsung և Apple ընկերությունները մշակել են քաշի կառավարման սեփական հավելվածները, որոնց միջոցով օգտատերերը կարող են հաշվել քայլերը, բարձրացած աստիճանների քանակն ու ֆիզիկական ակտիվության այլ տեսակներ, տեղեկանալ՝ այս ամենի արդյունքում այրված կալորիաների մասին: Դուք այլևս կարիք չեք ունենա այլ հավելվածների, քանի որ սրանք կան հեռախոսների բազային ծրագրերի ցանկում:

7-Minute Workout App

Այս հավելվածը նախատեսված է խիստ զբաղված մարդկանց համար, ովքեր ցանկանում են օրվա ընթացքում ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել կամ հաճախել մարզասրահ, բայց ժամանակ չունեն: Այս հավելվածն առաջարկում է կատարել բոլոր բազային վարժություններն ընդամենը 7 րոպեի ընթացքում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---