Երևանի հասարակական տրանսպորտի երթուղիների թիվը կարող է 3 անգամ կրճատվել

Երևանի հասարակական տրանսպորտի երթուղիների թիվը կարող է 3 անգամ կրճատվել

PanARMENIAN.Net - Երևան քաղաքի գործող երթուղային ցանցի օպտիմալացումը կարող է կազմակերպվել առկա երթուղիների թվի մինչև երեք անգամ կրճատմամբ: Այս մասին հայտնի է դարձելԵրևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հասարակական տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի 3-րդ նիստում, որի ընթացքում խորհրդատու WYG International ընկերության ներկայացուցիչ Ջոն Կոկլոուգը ներկայացրել է «Հանրային տրանսպորտային ցանցի տարբերակները» և «Ավտոբուսային երթուղային ցանցում ուղևորահոսքերի» ընտրանքային կրկնողական ուսումնասիրության հաշվետվությունները։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ. հաշվետվությունները սահմանել են առանձնացված ավտոբուսային գծերի և կանգառահատվածների համար նոր չափորոշիչներ։

Ներկայացված առաջարկների կիրառելիությունը պարզելու նպատակով նիստը նախագահող Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանն աշխատանքային խմբում ներգրավված ՀՀ Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչներին առաջարկել է վերոնշյալ չափորոշիչների կիրառելիության և իրագործելության վերաբերյալ ներկայացնել մասնագիտական գնահատական։

«Մեզ անհրաժեշտ է ունենալ բովանդակային քննարկում և հանգամանորեն ուսումնասիրել խորհրդատուի ներկայացրած նախնական առաջարկները։ Դրանք, ընդհանուր առմամբ, հիմնված են խորքային ուսումնասիրությունների վրա, սակայն այս հարցում մենք չենք կարող հիմնվել միայն խորհրդատուի մասնագիտական կարծիքի վրա։ Մենք ինքներս էլ պետք է ևս մեկ անգամ, լրացուցիչ համոզվենք, որ այն, ինչ առաջարկվում է, հնարավոր լավագույն տարբերակն է։ Մենք սկսել ենք բավականին պատասխանատու գործընթաց, որից ակնկալվող արդյունքի արդյունավետությունը մեծապես կախված է մեր կառուցողական ու ակտիվ քննարկումներից, ինչը և ակնկալում եմ բոլորից», - դիմելով աշխատանքային խմբի անդամներին՝ նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը։

Մինչև այժմ մասնագիտական աշխատանքային խումբն ունեցել է ևս երկու հանդիպում, որոնց ընթացքում խորհրդատու կազմակերպության կողմից ներկայացվել են առաջարկներ՝ օպտիմալացման ընդհանուր հնարավորությունների, նոր ավտոբուսային երթուղային ցանցի, ինտեգրված սակագնի և տոմսային համակարգի մասին գնումների ընթացակարգերի վերաբերյալ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---