Ֆրանսիայում մարդուն կյանքի են վերադարձրել 15 տարվա կոմայից հետո

Ֆրանսիայում մարդուն կյանքի են վերադարձրել 15 տարվա կոմայից հետո

PanARMENIAN.Net - Ֆրանսիայում գիտնականները կարողացել են «արթնացնել» 15 տարի կոմայի մեջ գտնվող մարդուն՝ թափառող նյարդի էլեկտրական ստիմուլյացիայի շնորհիվ:

Լիոնի կլինիկաներից մեկի հիվանդը վթարի էր ենթարկվել 20 տարեկան հասակում և 15 տարի անցկացրել է կոմայի մեջ: Նա չէր կարողանում կոմայից դուրս գալ, քանի որ վնասված էին ուղեղի այն հատվածները, որոնք կապում են կենսագործունեությունը կառավարող ստորին բաժինները կեղևի և նյարդային համակարգի մյուս հատվածների հետ, որոնք պատասխանատու են գիտակցության համար, գրում է ՌԻԱ Նովոստին Current Biology ամսագրի վրա հղումով:

«Ստիմուլյացիայի ենթարկելով թափառող նյարդը, մեզ հաջողվել է ցույց տալ, որ մենք կարող ենք բարելավել հիվանդի վիճակը և «մեր աշխարհ» վերադարձնել նրան արդեն այն ժամանակ, երբ ամեն ինչ կորած է թվում: Ուղեղը պահպանում է նոր կապեր ստեղծելու ունակությունը և կարող է վերանորոգել ինքն իրեն նույնիսկ այդ ճգնաժամային վիճակում»,-հայտարարել է Անժելա Սերիգուն Լիոնի Կոգնիտիվ գիտությունների ինստիտուտից:

Գիտնականները հիվանդի որովայնում հատուկ էլեկտրաստիմուլյատոր են տեղադրել, որը միացված էր թափառող նյարդի վերջույթին և մշտապես հատուկ իմպուլսներ էր ուղարկում, որոնց հաճախականությունն ու հզորությունը փոփոխվում էին:

Ինչպես նշել է Սերիգուն, արդյունքները գերազանցեցին բոլոր սպասելիքները՝ տղամարդը դուրս եկավ կոմայից և սկսեց արձագանքել շրջապատի մարդկանց խոսքերին ու գործողություններին և նույնիսկ պարզ հրահանգներ կատարել: Օրինակ, նա նորից սովորել է հետևել առարկաներին աչքերով, շարժել պարանոցը և այլևս չի քնում, երբ մայրը նրան գիրք էր կարդում: Բացի այդ, հիվանդը սկսել է արձագանքել կտրուկ շարժումների, ինչը հատուկ չէ կոմայի մեջ գտնվող մարդկանց:

Այժմ գիտնականները մտադիր են ավելի մեծ կլինիկական փորձարկումներ անցկացնել կամավորների ավելի մեծ մասնակցությամբ՝ հույս ունենալով, որ ստացված արդյունքները թույլ կտան հասկանալ, թե ինչ է պետք անել կոմայում գտնվող մարդկանց վիճակի բարելավման համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---