Փորձագետ. ՀՀ-ում հղիության արհեստական ընդհատումները նվազել են![]() 28 սեպտեմբերի 2017 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Վերջին տարիներին Հայաստանում հղիության արհեստական ընդհատումները նվազել են: Այդ մասին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը լրագրողների հետ հանդիպմանը: «Եթե 2000 թվականին մեկ կնոջը բաժին հասնող աբորտային գումարային գործակիցը կազմել է 2.6, ապա 2005-ին այդ ցուցանիշը իջել է 1.8-ի, 2010-ին՝ 0.8-ի, իսկ ահա 2015-ին՝ 0.6-ի: Հատկանշական է, որ աբորտների և ծննդաբերությունների թիվը բավական նվազել է նաև դեռահասների շրջանում»,- տեղեկացրել է ոլորտի ներկայացուցիչը, հայտնում է Panorama.am-ը: Մասնագետը հավելել է, որ Հայաստանում վերջին 10 տարիների ընթացքում սեռով պայմանավորված աբորտների հետևանքով մայրական մահվան դեպքեր չեն գրանցվել: Նա նշել է, որ հայ կանայք այնքան խելամիտ են, որ հակաբեղմնավորիչներ կիրառելու հետևանքով խուսափում են անցանկալի հղիություններից, իսկ հակառակ պարագայում աբորտների համար դիմում են մասնագիտացված բուժհաստատություններ: Ավագյանը հիշեցրել է, որ աբորտը հղիության ընդհատումն է մինչև 22 շաբաթական ժամկետը: Անդրադառնալով հղիության ինքնաբեր վիժումներին՝ մանկաբարձ-գինեկոլոգը նկատել է, որ շնորհիվ հսկողության և նոր մեթոդների ներդրման՝ այսօր դրանց թիվը տատանվում է 2500-2800-ի շրջանակներում: «2016-ին գրանցվել է 2235 ինքնաբեր վիժում: Մեծացել է բժշկական ցուցումներով կատարվող արհեստական ընդհատումների թիվը: Եթե տասը տարի առաջ դրանց թիվը տարեկան կազմում էր 300-400 դեպք, ապա վերջին տարիներին այդ թիվը հասել է 1500-1700-ի: Սա նշանակում է, որ հղիների շրջանում սկրինինգային հետազոտություններ իրականացնելով՝ կարողանում ենք վաղաժամկետ հայտնաբերել պտղի զարգացման արատները»,- ասել է բժիշկը: Գայանե Ավագյանը խիստ կարևորել է աբորտի պատրաստվող կնոջը սպասման շրջան տրամադրելու հանգամանքը, երբ սահմանված 3 օրերի ընթացքում ապագա մայրը ժամանակ է ունենում կրկին մտածելու, ընտանիքի հետ քննարկելու այդքան կարևոր հարցը: Հենց այդ սպասման շրջանից հետո շատ կանայք հետ են կանգնում աբորտի մտքից: Բանախոսը նաև հիշեցրել է, որ սեռով պայմանավորված աբորտ կատարած բուժաշխատողը ՀՀ օրենսդրության համաձայն կարող է ենթարկվել աշխատավարձի 80-100-ապատիկի չափով տուգանքի: Ինչ վերաբերում է հղիությունն ինքնուրույն ընդհատելու փորձեր կատարող կանանց, ապա նրանց գործողությունները սահմանափակելու նպատակով դեղատներում վառճառվող դեղորայքը, կրկին օրենսդրորեն, վաճառվում է միայն բժշկի նշանակման թերթիկը ներկայացնելիս: Գայանե Ավագյանը ուշադրություն է հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հղիության արհեստական ընդհատման հետևանքով առաջացած բարդություններից աշխարհում տարեկան մահանում է մոտ 70-80 հազար կին: Ինչ վերաբերում է մարզային վիճակագրությանը, ապա սեռով պայմանավորված ամենամեծ թվով աբորտները, Երևանից հետո, գրանցվում են Գեղարքունիքի, Արագածոտնի և Արարատի մարզերում, այն դեպքում, երբ Սյունիքի, Տավուշի, Լոռու մարզերում սեռով պայմանավորված աբորտները համեմատաբար փոքր թիվ են կազմում: Ամփոփելով՝ Գայանե Ավագյանը հիշեցրել է, որ սեռային նորմալ համամասնությունը ենթադրում է 100 աղջկա դիմաց 105 տղայի ծնունդ, այն դեպքում, երբ Հայաստանում 100 աղջկա դիմաց ծնվում է 115 տղա: 2017 թվականի առաջին կիսամյակում նորածինների սեռերի համամասնությունը ՀՀ-ում եղել է 100 աղջիկ-110 տղա՝ 2014-2015թթ. 100 աղջիկ-114 տղա, և 2016-ի 100 աղջիկ-112 տղա համամասնության դիմաց։ Գիտնականները նորմալ են համարում նորածինների համամասնության 100 աղջիկ-105 տղա հարաբերակցությունը (104-107 տղա՝ որոշ երկրներում)։ Փաստացի, եթե 2014-ին ՀՀ-ն գերազանցել էր նորմը մոտ 9 տղայով, 2017-ի առաջին եռամսյակում ցուցանիշը նվազել է մինչև 4 տղա։ Փաստորեն, սելեկտիվ աբորտների պատճառով նորմալ համամասնության խախտված ցուցանիշը 3 տարում նվազել է 44%-ով։ Սեռերի անհամամասնության խնդիրը Հայաստանում ի հայտ է եկել դեռևս 1990-ականներին, իսկ 2008-2012թթ. այն, հասնելով վտանգավոր սահմանագծի, դարձել էր ժողովրդագրական հիմնահարց։ Ընթերցեք նաև.ՀՀ-ն հաջողություն ունի սելեկտիվ աբորտների դեմ պայքարում Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |