Միքայել Հարությունյան. Հայկական կողմը մտադիր է շարունակել զարգացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ

PanARMENIAN.Net - Փետրվարի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը հանդիպեց ՆԱՏՕ-ի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) եւ պլանավորման ու վերանայման գործընթացի (ՊՎԳ) գնահատման խմբի պատվիրակությանը` ՆԱՏՕ-ի միջազգային շտաբի եվրաատլանտյան ինտեգրման եւ գործընկերության դիրեկտորատի տնօրեն Յարոսլավ Սկոնիեչկայի եւ ՆԱՏՕ-ի միջազգային շտաբի ուժերի պլանավորման վարչության տնօրեն Ֆրենկ Բոլանդի գլխավորությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը:



Հանդիպման սկզբում Մ.Հարությունյանը ողջունեց հյուրերին` նշելով, որ ՆԱՏՕ-ի տարբեր ներկայացուցիչների պարբերական այցելությունները տարածաշրջան, մասնավորապես Հայաստան, վկայում են այն մասին, որ ՆԱՏՕ-ն շարունակական հետաքրքրություն է ցուցաբերում տարածաշրջանային զարգացումների նկատմամբ: Նախարարը նշեց նաեւ, որ շոշափելի է ՆԱՏՕ-ի դերը տարածաշրջանում եւ, որ վերջինիս հետ բազմատարր համագործակցության զարգացումը Հայաստանի համար առաջնային նշանակություն ունի:



Մ.Հարությունյանը փաստեց, որ կազմակերպությունը մեծ ներդրում ունի միջազգային անվտանգության եւ կայունության ապահովման գործում, ինչի վկայությունն է Կոսովոյում եւ Աֆղանստանում իրականացվող խաղաղապահ առաքոելությունը: Հայաստանը բարձր է գնահատում կազմակերպության ջանքերը Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության զարգացման գործում, ինչի ապացույցն է ՀՀ պաշտպանական բարեփոխումների իրականացման գործում ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) եւ ՆԱՏՕ-ի «Պլանավորման եւ վերանայման գործընթացի» (PARP) գործընկերության նպատակների կիրառումը:



Նախարարը նկատեց նաեւ, որ ավարտված կարելի է համարել ԱԳԳ ծրագրի իրականացման առաջին` երկամյա փուլը, որի արդյունքները կքննարկվեն ապրիլ ամսին` 26+1 ձեւաչափով Հյուսի-Ատլանտյան դաշինքի նիստի ընթացքում, իսկ այս տարի կսկսվի արդեն նոր գործընթաց` պաշտպանության ռազմավարական վերանայումը: Նախարարը հավաստիացրեց, որ հայկական կողմը հաստատակամ է պաշտպանական բարեփոխումների իրականացման գործում ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը զարգացնելու որոշման հարցում եւ հույս հայտնեց, որ համագործակցությունը հաջորդ երկու տարիների ընթացքում ավելի կընդլայնվի` ընդգրկելով նոր ոլորտներ: Հանդիպման ավարտին կողմերը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ, նախանշվեցին անելիքները մոտ ապագայում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---