Վեհափառն ու Իրանի պաշտոնյան քննարկել են մշակույթն ու ահաբեկչությունները

Վեհափառն ու Իրանի պաշտոնյան քննարկել են մշակույթն ու ահաբեկչությունները

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանատան պատվիրակությանը` գլխավորությամբ Իրանի Իսլամական կապերի և մշակույթի կազմակերպության միջազգային գծով տեղակալ Աբբաս Խամեյարի:

Աբբաս Խամեյարը ներկայացրել է դեսպանատան մշակույթի նորանշանակ տնօրեն Խեյեդ Մուհամմադ Ռեզա Հեյդարին: Հանդիպմանը Վեհափառ հայրապետին հրաժեշտ է տվել իր առաքելությունն ավարտող տնօրեն Մաջիդ Մեշքին:

Զրույցի ընթացքում կարևորվել է մշակույթների և կրոնների միջև երկխոսության խթանումը, ինչը նպաստում է ժողովուրդների փոխճանաչողությանը և համերաշխության, հանդուրժողականության ու խաղաղ համակեցության մթնոլորտի ձևավորմանը: Զրուցակիցները հաստատել են, որ կրոնները խաղաղասիրական առաքելություն ունեն` դատապարտելի նկատելով ծայրահեղական ուժերի կողմից կրոնի շահարկումները և կրոնական քողի ներքո աշխարհում տեղ գտնող բռնություններն ու ահաբեկչությունները:

Նորին սրբությունը գուհունակությամբ է անդրադարձել երկու երկրների միջև տարբեր ոլորտներում արձանագրված սերտ համագործակցությանը: Գարեգին Երկրորդը մասնավորապես խոսել է մշակույթի կենտրոնի հետ Մայր աթոռի սերտ կապերի և համատեղ իրականացրած միջոցառումների մասին` այդ կապակցությամբ իր գնահատանքը փոխանցելով Մեշքիին և հույս հայտնելով, որ գործակցությունը մշակույթի կենտրոնի հետ կշարունակվի:

Այս առնչությամբ Վեհափառ հայրապետն ընդգծել է Մայր աթոռի պատրաստակամությունը` շարունակելու սատարել կրոնական երկխսությանը և ակտիվ մասնակցություն բերել այդ գործընթացում:

Աբբաս Խամեյարը, իբրև կրոնական համայնքների համերաշխ կեցության օրինակ, նշել է հայկական համայնքների առկայությունը Իրանում: Այս առիթով Նորին սրբությունն իր երախտագիտությունն է հայտնել ԻԻՀ իշխանություններին հայկական համայնքների և հոգևոր-մշակութային արժեքների հանդեպ դրսևորվող հոգատար վերաբերմունքի համար:

Հանդիպման վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մշակույթի կենտրոնի նորանշանակ տնօրենին է մաղթել արգասաբեր գործունեություն Հայաստանում, հայտնում է Մայր Աթոռի մամուլի ծառայությունը:

Հանդիպմանը ներկա էր Մայր աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---