«Ոչ սլավոնական արտաքինով» 8 մարդ սպանած սքինհեդների գործը հանձնվել է դատարան

PanARMENIAN.Net - Մոսկովյան շրջանի դատախազությունը դատարան է փոխանցել իրենց սքինհեդներ համարող 5 երիտասարդների վերաբերյալ հարուցած քրեական գործը, որոնք մեղադրվում են Միտիշչինի շրջանում եւ մերձքաղաքական էլեկտրագնացքներում ազգայնական հարձակումների մեջ: Ինչպես հաղորդել են շրջանային դատախազությունում, «խմբի կազմում էին 16-19 տարեկան Միտիշչինի դպրոցների հինգ աշակերտներ եւ մասնագիտական ուսումնարանների ուսանողներ, որոնցից չորսն անչափահաս են: Նրանք ծայրահեղական ազգայնական հայացքներ ունեն եւ իրենց սքինհեդներին են դասում: Բնակության վայրերում անցկացված զննումների ժամանակ առգրավվել են ծայրահեղական բովանդակության գրականություն եւ տեսանյութեր: Բացի այդ, «հաստատվել է, որ մեղադրյալները մշտապես այցելել են համապատասխան կայքեր ինտերնետ ցանցում, որտեղից մանրամասն տեղեկություններ են ստացել հանցագործություններ կատարելու միջոցների եւ պատասխանատվությունից խուսափելու մասին»:



Ըստ քննության տվյալների, «խմբի անդամները նպատակաուղղված որոնել են ոչ սլավոնական արտաքին ունեցող մարդկանց եւ հարձակվել են նրանց վրա: «Ակցիայի» գնալով, նրանք զինվել են կացիններով, դանակներով, մուրճերով, ինչպես նաեւ տնտեսական ձեռնոցներով` հանցագործության հետքերը թաքցնելու համար»: 2007թ. փետրվարից ապրիլ ընկած հատվածում հանցագործությունների զոհ են դարձել Տաջիկստանի, Ղրղզստանի, Հայաստանի 5 քաղաքացիներ, ինչպես նաեւ Ռուսաստանի մեկ քաղաքացի: Տուժածներից երկուսը տեղում մահացել են ստացված վերքերից: Երեքը, որոնց ժամանակին բժշկական օգնություն է ցուցաբերվել, կենդանի են մնացել, սակայն ծանր վնասվածքներ են ստացել: Հանցավոր խմբավորման գործունեությունը կասեցվել է 2007թ. ապրիլին: Ձերբակալվածներին մեղադրանք է ներկայացվել «կազմակերպված խմբի կողմից ատելության կամ թշնամանք սերմանելու, ինչպես նաեւ մարդկային արժանապատվությունը ոտնահարելու համար` բռնության կիրառմամբ» «ազգային ատելության կամ թշնամանքի պատճառով կազմակերպված խմբի կողմից երկու կամ ավելի անձանց սպանության», ինչպես նաեւ «երկու կամ ավելի անձանց հանդեպ մահափորձ կատարելու համար» հոդվածներով: Քրեական գործն այսօր ուղղվել է Մոսկվայի շրջանային դատարան, որտեղ կլսվի երդվյալ ատենակալների կոլեգիայի կողմից, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---