Ջոզեֆ Գրիբոսկի. Անկախության հռչակումը Կոսովոյի իշխանությունների կողմից ապօրինի է

PanARMENIAN.Net - Անկախության հռչակումը Կոսովոյի իշխանությունների կողմից ապօրինի է, կոպտորեն խախտում է միջազգային իրավունքն ու ՄԱԿ-ի Կանոնադրությունը, ինչպես նաեւ վտանգավոր նախադեպ է ստեղծում ողջ աշխարհում անջատողական շարժումների համար, ներառյալ Քրդստանը Իրաքում: Այդ մասին հայտարարել է Վաշինգտոնի Կրոնի եւ հանրային քաղաքականության ինստիտուտի նախագահ Ջոզեֆ Գրիբոսկին: «Կոսովոյի ժամանակավոր իշխանությունների որոշումը միակողմանի կարգով անկախության հռչակման մասին ապօրինի է եւ միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի Կանոնադրության եւ ՄԱԿ-ի ԱԽ 1244 բանաձեւի ուղղակի խախտում է, որը վտանգավոր նախադեպ է ստեղծում, ինչը կարող է հանգեցնել լուրջ միջազգային ապակայունացման»,-հայտարարել է Գրիբոսկին, որը գլխավորում է ինստիտուտը եւ ում անցյալ տարի առաջադրել էին Նոբելյան խաղաղության մրցանակի համար: Նա նաեւ ընդգծել է, որ Կոսովոյի Անկախության հռչակագիրը ոչ միայն խախտում է այդ սկզբունքը, այլ նաեւ խախտում է 1975 թ. Հելսինկիի համաձայնագիրը եւ ՄԱԿ-ի ԱԽ-ի 1244 բանաձեւը, որտեղ պարզ ասված է, որ Կոսովոն Սերբիայի մի մասն է հանդիսանում: «Կոսովոյի անկախության ճանաչումը միջազգային հանրության կողմից վտանգավոր նախադեպ կստեղծի ողջ աշխարհում անջատողական շարժումների համար: Անջատման ձգտող այնպիսի տարածքներ, ինչպիսիք են Աբխազիան եւ Հարավային Օսեթիան Վրաստանում, Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանում, Թուրքական Հանրապետությունը Կիպրոսի հյուսիսում, Տիբեթն ու Թայվանը Չինաստանում, ինչպես նաեւ բազում այլ տարածքներ անկախություն կպահանջեն, ինչի հետ կապված արեւմտյան դիվանագետները քիչ քաղաքական եւ պատմական լծակներ ունեն»,-հայտարարել է Գրիբոսկին` հիշեցնելով Իրաքի կազմից դուրս գալու Քրդստան նահանգի ձգտման մասին, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:



Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին Կոսովոյի խորհրդարանը երկրամասի անկախության մասին հռչակագիր ընդունեց: Սերբիան մտադիր չէ ճանաչել Կոսովոյի հռչակած կարգավիճակը, անվանելով դա իր տարածքի բռնի եւ միակողմանի տրոհում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---