Վարչապետ. Բոլոր նախադրյալները կան բարձրացնելու գյուղատնտեսության արդյունավետությունը

Վարչապետ. Բոլոր նախադրյալները կան բարձրացնելու գյուղատնտեսության արդյունավետությունը

PanARMENIAN.Net - Նպատակ է դրվել բարձրացնել գյուղատնտեսության արդյունավետությունը Հայաստանում, որի համար կան անհրաժեշտ բոլոր նախադրյալները՝ արդիական տեխնոլոգիաների ներդրման, բարձրարժեք գյուղատնտեսության զարգացման, ներմուծման փոխարինման, արտահանման ծավալների ու աշխարհագրության ընդլայնման և գյուղատնտեսությունում տնտեսավարողների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանմիջոցով: Այդ մասին հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը«Հայագրոֆորում» համաժողովի բացմանը:

Ողջունելով ներկաներին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ գյուղատնտեսությունը մեր տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է, որն ապահովում է գյուղական բնակավայրերում զբաղվածությունը, նպաստում գյուղական բնակչության եկամուտների ձևավորմանն ու կենսամակարդակի բարձրացմանը, արտահանման աճին, մակրոտնտեսական կայունությանը:

«Հատուկ ուշադրության կենտրոնում է պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը: Օբյեկտիվորեն գնահատելով այսօրվա մեր իրավիճակը՝ պետք է փաստենք, որ գյուղատնտեսության զարգացման ճանապարհին ունենք նաև բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծենք՝ ոռոգման ջրի կայուն մատակարարումը, զոնինգը, չմշակվող հողերը, արտադրողականության և արդյունավետության պակասը և այլն: Խնդիրների լուծումը յուրաքանչյուրիցս պահանջում է հետևողական աշխատանք»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ կառավարության այսօրվա ջանքերն ուղղված են ոլորտում ստեղծելու ամուր նախադրյալներ և նոր հնարավորություններ՝ մրցունակ, շահութաբեր, կայուն զարգացող և ինդուստրիալ գյուղատնտեսության զարգացման համար:

Վարչապետի խոսքով, սրան ուղղված՝ արդեն իսկ հստակեցվել են գյուղատնտեսության ոլորտում աջակցության ծրագրերը՝ միտված ինտենսիվ գյուղատնտեսության զարգացմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, ոլորտի արդյունավետության բարձրացմանը:

Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության, հակակարկտային ցանցերի ներդրման, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվում են մատչելի՝ 2-տոկոսանոց վարկեր՝ պետական սուբսիդավորմամբ և ճկուն մարման ժամկետներով, մթերումների համար ապահովվել են 3-տոկոսանոց վարկեր՝ պետական սուբսիդավորմամբ և բազմաթիվ այլ, այդ թվում նաև՝ կրթական ծրագրեր:

«Մեր գործողությունները կլինեն շարունակական և ոլորտի պահանջներին համահունչ: Միասին պարբերաբար կքննարկենք թե խնդիրները, և թե զարգացման ուղիները: Սա է այսօրվա տրամաբանությունը՝ պետությունը և մասնավորը պետք է միասին քրտնաջան աշխատեն՝ զարգացնելու բոլորիս համար այս կարևորագույն ոլորտը: Ցանկանում եմ համոզմունք հայտնել, որ մենք հետևողականորեն, տարեց-տարի ունենալու ենք այլ գյուղատնտեսություն»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետը նշել է, որ մարզային այցերի ընթացքում պարբերաբար տեսնում է նոր ինտենսիվ այգիներ, ներդրված կաթիլային համակարգեր: «Գյուղատնտեսական բիզնեսը շահութաբեր է, 3,5-4 տարվա ընթացքում ունի հետվերադարձի տրամաբանություն: Առկա է ստարտային կապիտալի խնդիր և տրամադրվող վարկերն ուղղված են հենց դրան: Այս բիզնեսի համար վարկերի տոկոսը կրիտիկական չէ, մենք պարզապես ցանկանում ենք մեր ծրագրերով նշել գյուղատնտեսության կոնկրետ ուղղություններ, որպեսզի լինեն հաջող օրինակներ և դրանք վարակի նման տարածվեն»,- եզրափակել է վարչապետը, հայտնում է կառավարությանն մամուլի ծառայությունը:

Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ, ինչպես նաև գյուղատնտեսության բնագավառում ունեցած հաջողությունների համար Կարեն Կարապետյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրել «Գնթունիք» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Կարեն Եղիազարյանին, «Գոլդեն Գրեյպ Արմաս» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Վիկտորիա Ասլանյանին, «Վա և Վ ագրոկենտրոն» ՍՊԸ-ի տնօրեն Մամիկոն Ղազարյանին, «Բոզոյան» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Ջոն Պողոսյանին և Արմավիրի մարզի Քարակերտ համայնքի ֆերմեր Գնունի Անտոնյանին: Մի խումբ ֆերմերներ խրախուսվել են նաև ՀՀ վարչապետի շնորհակալագրով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---