Ամիրյան. Թատրոնների և թանգարանների այցելուների թիվը 2017-ին կրկնապատկվել է

Ամիրյան. Թատրոնների և թանգարանների այցելուների թիվը 2017-ին կրկնապատկվել է

PanARMENIAN.Net - Հայաստանի մշակույթի նախարարությունը 2017 թվականին աննախադեպ առաջընթաց է գրանցել հայկական և համաշխարհային արվեստը, պատմամշակութային արժեքները երկրում ավելի շատ մարդկանց հասանելի դարձնելու, հայկական մշակույթն աշխարհին ճանաչելի դարձնելու գործում: Այդ մասին պատմող 4 րոպեանոց հոլովակով իր տարեվերջյան ամփոփումն սկսեց նախարար Արմեն Ամիրյանը:

Նախարարը նշել է, որ թատրոններում ու թանգարաններում նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել է այցելուների թիվը: Նա հավելել է, որ մշակույթի ոլորտում մասնավորը շուրջ մեկ միլիոն դոլարի ներդրում է կատարել, հայտնում է Aysor.am-ը:

Նշվել է, որ 2017-ին մշակութային ծանրաբեռնվածությունը մայրաքաղաքից ուղղվել է նաև դեպի մարզեր: Մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպություններին և մասնավոր ստեղծագործողներին պետբյուջեից հատկացված գումարը բաշխվել է 52 և 46 տոկոսների համամասնությամբ:

Անդրադառնալով կինոոլորտին՝ նախարարը նշել է՝ Կինոկենտրոնում այս պահին քննարկվում է այն կարգը, թե ինչ չափաբաժիններով են ֆինանսավորվելու ֆիլմերը: Սակայն մի բան հստակ է՝ աջակցության 30 տոկոսը բաժին է հասնելու դեբյուտներին:

«Մենք պետք է առավելություն տանք երիտասարդ կինոգործիչներին՝ իրենց նոր ծնված առաջարկները կյանքի կոչել, որպեսզի մեր կինոյում նոր շունչ և թարմ խոսք գա: Ունենք 6 դեբյուտային առաջարկ, որոնցից մեկն արդեն գեղխորհրդի կողմից ընտրվել է ու 2018 թվականի ընթացքում կիրականացնի: Մենք կինոդպրոցի բյուջեն ուղղել ենք պետություն-մասնավոր համագործակցությանը, և ստացել ենք շատ լավ արդյունք», - նշել է Ամիրյանը:

Նախարարն ընդունել է այն դիտողությանը, որ 2017-ին անդրադարձ չեղավ Հենրիկ Մալյանի «Եռանկյունի» ֆիլմին, որը հայ կինոյի պատմության մեջ շրջադարձային էր ու որը 2017-ին դարձավ 50 տարեկան:

«Ես ընդունում եմ այդ դիտողությունը, մեկ շաբաթ առաջ Նարինե Մալյանի հետ ցավով արձանագրեցինք այդ փաստը: Դա, իսկապես, մեր վրիպումն էր»,-ասել է նախարարը:

Ընթերցեք նաև. Այվազովսկու ցուցահանդեսը մոտ 44.000 այցելու է ունեցել

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---