Պիետրոդարկին մասնակցել է Հայաստանի սիմֆոնիկ պետնվագախմբի ամփոփիչ համերգին

Պիետրոդարկին մասնակցել է Հայաստանի սիմֆոնիկ պետնվագախմբի ամփոփիչ համերգին

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 25-ին տեղի է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տարեվերջյան համերգը (դեկտեմբերի 21-ին ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն անվանափոխվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի)։ Նվագախմբի հետ ունկնդրին արգենտինյան տանգոյի և իտալական երաժշտության երեկո է պարգևել իտալացի բանդոնեոնահար, ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին։ Համերգը կազմակերպել էին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը։

Մինչ համերգի մեկնարկը տեղի է ունեցել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ճեպազրույցը։

Մաեստրո Սմբատյանը նշել է, որ կոլեկտիվը շատ ոգևորված է, որ իրենց քրտնաջան և կարևոր աշխատանքի արդյունքում նվագախմբին շնորհվեց սիմֆոնիկ անվանումը, ինչը պարտավորեցնում է, ոգևորում։ Դիրիժորը նկատել է, որ այս գնահատանքը կօգնի, որպեսզի ապագայում գրանցեն նոր հաղթանակներ Հայաստանում և նրա սահմաններից դուրս։ Ըստ մաեստրոյի` նվագախումբն ունի հստակ տեսլական, թե որտեղ է լինելու 5 տարի, 10 տարի հետո։ Սերգեյ Սմբատյանը նշել է, որ անցած տարիների ձեռքբերումները գրանցվել են նաև գործընկերների շնորհիվ։ «Դասական երաժշտությունը մշտապես աջակցության կարիք ունի։ ՎիվաՍել-ՄՏՍ-ը, քաջ գիտակցելով բարձրարժեք արվեստի նշանակությունը հասարակության կյանքում, նրա դաստիարակչական դերը, անգնահատելի ներդրում է ունենում մշակույթի պահպանման և զարգացման գործում։ ՎիվաՍել-ՄՏՍ-ի շնորհակալ աշխատանքը բարձր է գնահատվում ինչպես մասնագետների, երաժիշտների, այնպես էլ արվեստասեր հանրության կողմից»,- ասել է Սերգեյ Սմբատյանը։

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը, շնորհավորելով Սերգեյ Սմբատյանին և նվագախմբին նոր կարգավիճակի առթիվ, նշել է, որ կոլեկտիվն արժանի է այդ փոփոխության, ինչին հասել են երկար տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ։ «Ոչ միայն մեր երկրում, այլև արտասահմանում ձեզ փնտրում են և սպասում։ Դուք ձեր նվագով կարողացաք գրավել արտասահմանյան ունկնդրին, որը հետաքրքրությամբ հետևում է ձեզ, ինչպես մեր երկրում՝ հայ երկրպագուները։ Այն նպատակները, որ ձեր առջև դրել եք, հեշտ չեն իրականանալու, դրանք դժվարին աշխատանք են ենթադրում, մարտահրավերներով լի։ Բայց ես ավելի քան համոզված եմ, որ կկարողանաք այդ բոլորը հաղթահարել և մեր երկրի անունը բարձր պահել։ Դուք կկարողանաք բոլորին ապացուցել, որ ավելին կարող եք, քան այն նվագախումբը, որին մենք ճանաչել ենք։ Դուք ինչ անում եք, ուղղված է միմիայն Հայաստան երկրի անունը բարձրացնելուն»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Իսկ երկու մասից բաղկացած երեկոն հոգեթով էր՝ լի բանդոնեոնի և ակորդեոնի զգացմունքային, հուզող ելևէջներով։ Նվագախումբն ու Պիետրոդարկին կատարել են Աստոր Պիացոլայի «Տարվա եղանակները»: Նվագախումբը բանդոնեոնահարի և մեցո-սոպրանո Սոֆյա Թումանյանի հետ կատարեց իտալացի կոմպոզիտոր Տոմազո Զիլիանիի Mille Miglia-ն, որն ինքնապիպ մի ճանապարհորդություն է հիշեցնում Իտալիայի տեսարժան վայրերով: Տոմազո Զիլիանին նույնպես Հայաստանում է և ջերմ ընդունելության է արժանացել հանդիսատեսի կողմից։ Ներկայացվել է նաև Ռոբերտո դի Մարինոյի Կոնցերտը բանդոնեոնի և նվագախմբի համար, որը գրվել է Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի համար: Եվ դարձյալ՝ Պիացոլա։

Պիետրոդարկին խոստովանել է, որ ամեն անգամ հաճույքով է գալիս Հայաստան և հանդիպում իրեն հարազատ հայ հանդիսատեսի հետ։ «Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմից նա իր շնորհակալությունն է հայտնեց հայ ունկնդրին՝ ջերմ ընդունելության համար։ Երաժիշտն իր հարգանքն ու հիացմունքն է հայտնել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին և նրա ղեկավար Սերգեյ Սմբատյանին։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---