ՊԵԿ-ի կայքում արդեն մեքենաների հայտարարագրման մաքսային արժեքի մասին տեղեկություն կա

ՊԵԿ-ի կայքում արդեն մեքենաների հայտարարագրման մաքսային արժեքի մասին տեղեկություն կա

PanARMENIAN.Net - ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հանձնարարությամբ՝ 2018-ի հունվարի 8-ից petekamutner.am պաշտոնական կայքէջում հրապարակվել է ՀՀ սահմանով տեղափոխվող ավտոտրանսպորտային միջոցների հայտարարագրման ընթացքում կիրառվող մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկատվությունը: Դա արվել է սպասարկման որակի բարելավման, ընթացակարգերի կրճատման և մաքսային ձևակերպումների պարզեցմանն ուղղված բարեփոխումների շրջանակում:

Տվյալները հասանելի են հղումով:

Ըստ ՊԵԿ սակագնային կարգավորման և հսկողության բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Տիգրան Մինասյանի, 2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած ԵՏՄ Մաքսային օրենսգրքի 267-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների մաքսային արժեքը, հոդվածով սահմանված դեպքերում, որոշվում է մաքսային մարմինների կողմից՝ իրենց տրամադրության տակ եղած նույնանման ապրանքների վերաբերյալ գնային տեղեկատվության հիման վրա:

«Մաքսային արժեքների մշակման ընթացքում, որպես գնային տեղեկատվություն, մաքսային մարմինների կողմից 267-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, օգտագործվել են մաքսային մարմինների տրամադրության տակ եղած ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների տեղեկատվական բազան, ինչպես նաև ավտոմեքենաների վաճառքով զբաղվող օտարերկրյա կազմակերպությունների կատալոգները և էլեկտրոնային կայքերը»,-ասել է Տիգրան Մինասյանը:

ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ՝ այս նախաձեռնությունն իրականացվում է կոմիտեի թափանցիկ գործունեության շրջանակում՝ որպես ոլորտի նկատմամբ հանրության ուշադրությանն ընդառաջ ևս մեկ քայլ: «Հրապարակայնության այս եղանակը թույլ կտա բավարարել ավտոտրանսպորտային միջոցների հայտարարագրման ընթացքում մաքսային արժեքի որոշման նկատմամբ հետաքրքրությունը: Նման աշխատաոճով մաքսային արժեքի որոշման գործընթացը դառնում է առավել թափանցիկ, հրապարակային, վստահելի և կանխատեսելի»,- ընդգծել է Տիգրան Մինասյանը:

Ավտոտրանսպորտային միջոցների մաքսային արժեքի վերաբերյալ կայքում զետեղված տեղեկատվությունը պարբերաբար ուսումնասիրվում է. անհրաժեշտության դեպքում այն կվերանայվի և կթարմացվի:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---