Հեպատիտ Ց-ով 1000 հիվանդ անվճար բուժում է ստացել. 910-ն ազատվել է վիրուսից

Հեպատիտ Ց-ով 1000 հիվանդ անվճար բուժում է ստացել. 910-ն ազատվել է վիրուսից

PanARMENIAN.Net - 2017 թվականին առողջապահության ոլորտում գերակա ծրագրերին զուգընթաց իրականացվել են բժշկական թիրախային ծրագրեր։ Դրանցից է վիրուսային հեպատիտ Ց-ով 1000 հիվանդի անվճար բուժումը։

Բուժման կուրսը տևել է երեք ամիս։ Դեղորայքը տրամադրվել է ամիսը մեկ անգամ` մշտապես հսկողության տակ պահելով հիվանդներին։ Արդյունքում` շահառուներից 910-ը կամ 92%-ն ազատվել է վիրուսից։

Այս ցուցանիշները, ինչպես և բուժման ընթացքում դիտված կողմնակի ազդեցությունները համադրելի են միջազգային մակարդակում գրանցված տվյալների հետ, ասվում է առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:

Հիվանդության արդյունավետ բուժումը հնարավոր է դարձել վերջին տարիներին հայտնաբերված «Սովալդի» դեղի օգտագործմամբ։ Առանձին երկրներում այդ դեղով մեկ հիվանդի բուժման արժեքը հասնում է մինչև 100 հազար ԱՄՆ դոլարի։

2017թ. Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերով նախարարությունը Հայաստանին նվիրեց 3000 տուփ «Սովալդի», որով հնարավոր էր բուժել հեպատիտ Ց-ով 1000 հիվանդի։ Այդ մասին հանրությունն իրազեկվել է։

Ծրագրում ընդգրկվածությունը կատարվել է մշակված չափորոշիչներին համաձայն, հաշվի առնելով առկա բնութագրերը՝ քրոնիկ վիրուսային հեպատիտ Ց, վիրուսային հեպատիտ Ց լյարդի ցիրոզով, քրոնիկ հեպատիտ C-ով հիվանդներ, որոնց նախկինում ստացված հակավիրուսային բուժումն արդյունք չի ապահովել։ Ընդգրկված 1000 հիվանդից 576-ը եղել է Երևանից, 379-ը` մարզերից, 45-ը` Արցախից։ 240-ը եղել են 17-40, 752-ը՝ 40-60 տարեկան, 75 տոկոսը` տղամարդիկ։

Բուժման ընթացքում անվճար տրամադրվող «Սովալդի» համակցվել է «Դակլատասվիր» դեղի հետ։Ծրագրի պատասխանատու, ՀՀ ԱՆ գլխավոր լյարդաբան Հասմիկ Ղազինյանի խոսքով` միջազգային ուղեցույցներով ուղիղ ազդեցության նոր սերնդի դեղերի այս համակցումը բաձր արդյունավետություն և անվտանգություն է ապահովում վիրուսի բոլոր գենոտիպերի դեպքում։

Ներկրողի հետ նախարարության բանակցությունների արդյունքում հիվանդները բուժման առաջին ամսում «Դակլատասվիր» ձեռք են բերել շուկայականից զգալի ցածր գնով, իսկ հաջորդ 2 ամիսներին այն նույնպես ստացել են անվճար։ Բուժման հետ կապված հետազոտությունները նույնպես հիվանդներն անցել են զեղչված գներով։

Հեպատիտ Ց-ի վարակն առողջապահական լուրջ խնդիր է։ Ամբողջ աշխարհում 130-150 մլն. մարդ ունի քրոնիկ վիրուսային հեպատիտ Ց։ Վարակն առավել տարածված է Աֆրիկայում, Կենտրոնական և Արևելյան Ասիայում։ Տարեկան արձանագրվում է խիստ վտանգավոր վարակիչ այս հիվանդության 1.75 մլն. նոր դեպք, մահանում ավելի քան 500.000 մարդ։

Ծրագրի պատասխանատու, Հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանն անցած տարվա նոյեմբերին Սան Պաուլոյում մասնակցել է Հեպատիտի համաշխարհային գագաթնաժողովին, որը միջազգային և դոնոր կազմակերպությունների, պետությունների կառավարությունների ուշադրությունը բևեռել է հեպատիտ Բ-ով կամ Ց-ով հիվանդների հայտնաբերման և բուժման, վիրուսային այդ վարակների էլիմինացիայի խիստ արդիական խնդիրների վրա։

«Անհրաժեշտ է կանխարգելել նոր վարակները և ապահովել բուժման մատչելիությունը, որպեսզի դադարեն ամեն տարի արձանագրվող բազմաթիվ մահերը»,-նշվում է գագաթնաժողովի կողմից ընդունված Հռչակագրում և ընդգծվում, որ Կայուն զարգացման նպատակներից մեկը վիրուսային հեպատիտի դեմ պայքարն ու հաղթահարումն է։ Աշխարհն արդեն իսկ ունի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի հաղթահարման արդյունավետ ծրագրերի փորձ։

 Ուշագրավ
Նա հայտնել է իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ ստեղծելու մասին
Վիրավորումները, ըստ նախարարի, բեկորային են՝ ԱԹՍ-ի հարվածի հետևանք են
Նա ցուցումներ է տվել նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ
---