«Մասրիկ-1» արևային կայանի կառուցման մրցույթի երկրորդ փուլը մեկնարկել է

«Մասրիկ-1» արևային կայանի կառուցման մրցույթի երկրորդ փուլը մեկնարկել է

PanARMENIAN.Net - Մեկնարկել է «Մասրիկ-1» արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային կայանի կառուցման նպատակով հայտարարված միջազգային մրցույթի երկրորդ փուլը: Այս փուլում կորոշվի այն մասնակիցը, որը կստանձնի կայանի կառուցումը։

Մրցույթի երկրորդ փուլի հիմնական պահանջը արտադրվող էլեկտրաէներգիայի սակագինն է։ Հաղթող կճանաչվի այն կազմակերպությունը կամ կոնսորցիումը, որը կառաջարկի նվազագույն գինը։

Մրցույթի երկրորդ փուլին մասնակցում են այն 10 ընկերությունն ու կոնսորցիումը, որոնք բավարարել են նախաորակավորման պահանջները։ Հիշեցնենք, որ առաջին փուլում ներկայացված 20 հայտերերից մրցութային հանձնաժողովը բավարար էր գնահատել 10-ը։ Մրցույթի երկրորդ փուլի մասնակիցները նիդեռլանդական, ամերիկյան, կորեական, գերմանական և մի շարք այլ երկրներ ներկայացնող և ոլորտում հայտնի ընկերություններ են:

Ակնկալվում է, որ մրցութային գործընթացը կավարտվի 2018 թ. ապրիլին, և մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունը կամ կոնսորցիումը առավելագույնս 2 տարում պետք է կառուցի կայանը:

«Մասրիկ-1»-ը կլինի 55 ՄՎտ պիկային հզորությամբ տարածաշրջանային ամենախոշոր արևային կայանը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրամադրված լիցենզիաների հիման վրա արդեն մեկնարկել է համեմատաբար փոքր՝ մինչև 1 ՄՎտ հզորությամբ 12 արևային ֆոտովոլտային էլեկտրակայանների կառուցումը, որոնք կունենան գումարային շուրջ 10 մեգավատ հզորություն: Դրանցից 3-ն արդեն գործարկվել է և սկսել էլեկտրաէներգիա մատակարարել համակարգին։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Դդմաշենի տարածքում 10 մեգավատ հզորությամբ արևային կայանի և կուտակիչի կառուցման առաջնեկային ծրագիր է պատրաստվում, որի իրականացմանն ակնկալվում է ֆրանսիական կողմի մասնակցությունը։ Այդ մասին հայտնել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան ժոնաթան Լաքոտի հետ հանդիպմանը՝ խոսելով հայ-ֆրանսիական տնտեսական փոխգործակցության մասին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---