Նախարար.10 տարուց արդիականացված էլցանցեր կունենանք

Նախարար.10 տարուց արդիականացված էլցանցեր կունենանք

PanARMENIAN.Net - Հայաստանը ողջունում է ԱԶԲ կողմից ցուցաբերվող բազմակողմանի աջակցությունը էներգետիկայի բնագավառում, հատկապես իրականացվող բարեփոխումների ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը Ասիական զարգացման բանկի առաքելության ղեկավար Տիանհուա Լուոյի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

Քննարկվել են էներգետիկայի բնագավառում բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերը և հետագա համագործակցության հնարավորությունները։

Ի թիվս այլ ծրագրերի ԱԶԲ-ն աջակցում է նաև «Հայաստանի էլեկտրական ցանցերի» լայնամասշտաբ վերակառուցման ծրագրին: «10 տարի անց մենք կունենանք արդիականացված և արդի չափանիշներին համապատասխան էլեկտրական ցանցեր»,- նշել է Աշոտ Մանուկյանը:

Նախարարը նշել է, որ «Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցում» ծրագրով նախատեսված կարգավարման կառավարման ավտոմատացված համակարգի (SCADA), «Ագարակ-2» և «Շինուհայր» ենթակայանների վերակառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են և հաջողությամբ իրականացվում են:

Ներկայացնելով համակարգում նախատեսվող ծրագրերը՝ նախարարն ընդգծվել է բանկի օժանդակությունը ինչպես «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերության կառավարման արդյունավետության բարձրացման, տեխնիկական վերազինման, այնպես էլ էներգետիկ այլ ծրագրերի իրականացման գործում՝ հաշվի առնելով, որ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման նոր բարձրավոլտ գծի կառուցումը և համակցումը Հայաստան-Իրան բարձրավոլտ գծին հնարավորություն կտա Հայաստանը դարձնել էլեկտրաէներգիայի տարանցիկ երկիր Իրանի և Վրաստանի, ապա նաև Ռուսաստանի հետ։

Տիանհուա Լուոն փոխանցել է Ասիական զարգացման բանկի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի տնտեսության և էներգետիկայի ոլորտի զարգացման ծրագրերին։ Նա նշել է նաև, որ բանկը հետաքրքրված է ներկայացված ծրագրերով և պատրաստ է դիտարկել ԱԶԲ-ի մասնակցության հետագա հնարավորությունները, հայտնում է նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

ՀՀ էներգետիկայի նախարարությունն իր առջև խնդիր է դրել առաջիկա տարիներին սեփական այլընտրանքային վերականգնվող էներգետիկ աղբյուրներից ստացվող էլեկտրաէներգիայի ծավալը երկրի ներքին սպառման կառուցվածքում հասցնել առնվազն 50%, առնվազն 20%-ով իջեցնել գազային կայաններում միավոր էլեկտրաէներգիայի արտադրության համար ծախսվող գազի ծավալները և առնվազն 10%-ով ավելացնել միջուկային էներգիայի մասնաբաժինը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---