Ձկնամթերքի, այդ թվում` խավիարի, արտահանումն աճել է. Զարգացման ծրագիր կմշակվի

Ձկնամթերքի, այդ թվում` խավիարի, արտահանումն աճել է. Զարգացման ծրագիր կմշակվի

PanARMENIAN.Net - 2017 թվականին նախորդ տարվա համեմատ ձկնամթերքի, այդ թվում` խավիարի արտահանման ծավալներն աճել են, միաժամանակ արտաքին շուկայում հայկական արտադրանքի պահանջարկի ավելացման հաշվին նախադրյալներ են ստեղծվում տեղական ձկնամթերքի արտադրության ծավալների ավելացման համար: Այդ մասին ասվել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի հանդիպմանը «Հայ ձկնաբույծների միություն» հասարակական կազմակերպության մի շարք ներկայացուցիչների հետ:

Հատուկ անդրադարձ է կատարվել ՀՀ-ում բուծվող իշխանազգի և թառափազգի ձկնատեսակների գնագոյացմանը և շուկայական գների ձևավորմանը: Ձկնաբույծները նշել են, որ գործող գնի նվազեցումն անբարենպաստ պայմաններ կստեղծի ձկնաբուծական արտադրանքի ծավալների ավելացման և ոլորտի հետագա զարգացման համար:

Քննարկվել են նաև ձկնաբուծարաններում արտադրական հզորությունների բարձրացման միջոցով տեղական ձկնամթերքի արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը, ձկնաբուծարաններում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը, արտաքին շուկայում տեղական արտադրանքի մրցունակության բարձրացմանը վերաբերող մի շարք հարցեր, հայտնում է գյուղնախարարության մամուլի ծառայությունը:

Հայաստանի ձկնաբուծության ոլորտի հետագա զարգացումն ապահովելու նպատակով նախարար Իգնատի Առաքելյանը հանձանարարել է նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանմանը` «Հայ ձկնաբույծների միություն» հասարակական կազմակերպության հետ համատեղ սեղմ ժամկետում մշակել ձկնաբուծության զարգացմանն ուղղված ծրագրային փաթեթ, որում ընդգրկված կլինեն ոլորտի բոլոր առաջնահերթություններն ու գերակա խնդիրները` այն քննարկման դնելու նպատակով:

Ավելի վաղ պետական սեփականություն հանդիսացող «Սևան» ազգային պարկի տնտեսական գոտու տարածքում «Սևանի իշխան» փակ բաժնետիրական ընկերությանը Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով առանց մրցույթի, 3 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով տրամադրվել է 21,8 հեկտար հողամաս։

Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրով կստեղծվի մանրաձկների բացթողման և վայրի պոպուլիացիայի ձևավորման մասնագիտացված կենտրոն (բազա), որտեղ հնարավոր կլինի վերահսկել պաշարների վերականգնման բոլոր փուլերը, սկսած մանրաձկան բացթողումից մինչև մայրական վտառի վերադարձ և մանրաձկան վերարտադրություն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---