5 փետրվարի 2018 - 12:06 AMT
Թեղուտի հանքի շահագործումը դադարեցվում է. 1200 աշխատող կկրճատվի

«Վալլեքս» խմբի ընկերությունները դադարեցնում են Լոռու մարզի Թեղուտի պղինձամոլիբդենային հանքավայրի շահագործումը: Այս մասին հայտարարություն է տարածել ընկերությունը:

Նշվում է, որ ընկերությունը ձեռնպահ է մնում ներկա ծավալներով հանքավայրի շահագործումից մինչև արդյունահանման ծավալների ավելացման հարցի վերաբերյալ լուծումներ ստանալն ու դրանց կենսագործման վերաբերյալ որոշումներ կայացնելը։

Ընկերությունը հայտարարում է, որ չի կարողանա իր մոտ 1200 աշխատողներին ապահովել բավարար ծանրաբեռնվածությամբ աշխատանքով ու համապատասխան աշխատավարձով:

«Չունենալով դրամական միջոցների այնպիսի աղբյուր, ինչպիսին թողարկվող արտադրանքի իրացումից ստացվող եկամուտներն են, ընկերությունը, ստիպված, կայացրել է դժվարին, սակայն ներկա պայմաններում միակ հնարավոր որոշումը՝ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով ու պայմաններով՝ գործատուի նախաձեռնությամբ, լուծել աշխատողների մեծամասնության հետ կնքված աշխատանքային պայմանագրերը», -ասվում է հայտարարության մեջ: