ԼՂՀ. Ադրբեջանը փորձում է կրճատել չեզոք գոտու լայնությունը

PanARMENIAN.Net - «Ադրբեջանական կողմն ավելի քան ութ տարի է, ինչ ակտիվ աշխատանքներ է տանում իր դիրքերը սահմանին մոտեցնելու ուղղությամբ` կրճատելով չեզոք գոտու լայնությունը: Փորձը ցույց է տալիս, որ հրադադարի ռեժիմը խախտվում է հենց այն կետերում, որտեղ ամենամոտիկն են տեղակայված հակադիր կողմերի դիրքերը: Իրավիճակի սրման արմատներն անհրաժեշտ է փնտրել հրադադարի ռեժիմի պահպանման` միջազգային հստակ մեխանիզմների բացակայության մեջ: Աշխատանքը, որն իրականացվում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից, արտահայտվելով մաթեմատիկական լեզվով, անհրաժեշտ է, բայց ոչ բավարար»,-հայտարարելէ ԼՂՀ արտգործնախարարի նախկին տեղակալ Մասիս Մայիլյանին:



Նրա խոսքերով, Մարտակերտի ուղղությամբ վերջերս տեղի ունեցած իրադարձությունները միջազգային լայն արձագանք են ստացել: Դա խոսում է այն մասին, որ ղարաբաղյան խաղաղ գործընթացներում ներգրավված երկրներն ու կազմակերպությունները շահագրգռված են մեր տարածաշրջանում կայունության եւ խաղաղության պահպանմամբ: «Քանի որ տարածաշրջանային կայունության հարցում մեր պետության շահերը համընկնում են տարածաշրջանի առանցքային խաղացողների շահերի հետ, նպատակահարմար կլիներ սկսել ակտիվ խորհրդակցություններ ԵԱՀԿ ՄԽ եւ միջնորդ-երկրների հետ` հրադադարի ռեժիմի վերահսկման մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ: Խորհրդակցության ընթացքում ԼՂՀ-ն` որպես հակամարտության կողմ, կարող է հանդես գալ ԵԱՀԿ դիտորդների կողմից մոնիտորինգների հաճախակի անցկացման նախաձեռնությամբ, իսկ երկրորդ փուլում միջազգային վերահսկումը կարող է պերմանենտ բնույթ կրել»,-նշել է դիվանագետը:



Նա նաեւ գտնում է, որ բանակցությունների ընթացքում անհրաժեշտ է քննարկել ԵԱՀԿ նոր առաքելության ստեղծման եւ տարածաշրջան ուղարկելու հարցը կամ ԵԱՀԿ ՆԱՆ գրասենյակի կազմի եւ իրավասությունների ընդլայնման հարցը: «Համաձայնեցված մեխամիզմների արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է հասնել չեզոք գոտու լայնացմանը` պատերազմից հետո ստեղծված իրավիճակի վերականգնման ուղղությամբ (status quo post bellum): Այսինքն, ադրբեջանական զինված խմբավորումները պետք է վերադառնան այն դիրքերը, որոնք նրանք զբաղեցնում էին 1994 թվականին։ Շփման գծի հստակ տվյալները կարող են ներկայացվել ինչպես ԵԱՀԿ համանախագահ երկրների, այնպես էլ` ԵԱՀԿ գրասենյակի կողմից, որոնց ներկայացուցիչներն արդեն շուրջ տասը տարի դիտարկումներ են անցկացնում շփման գծում: Ստեղծված իրավիճակում, ԼՂՀ նախաձեռնությունը կարող է բարձրացնել ինչպես մեր քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունը, այնպես էլ հստակեցնել ԼՂՀ սուբյեկտությունը»,-ասել է Մասիս Մայիլյանը, հաղորդում է KarabakhOpen-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---