Դիմորդները կկարողանան հունվարին վերահանձնել միասնական քննությունները

Դիմորդները կկարողանան հունվարին վերահանձնել միասնական քննությունները

PanARMENIAN.Net - Բուհ ընդունվելու համար միասնական քննությունները կարող են տարեկան երկու անգամ կազմակերպվել: Կառավարության համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է իրավական ակտերի նախագծերի հրապարակաման միասնական կայքում:

Նախագծի համաձայն՝ քննությունները անցկացվելու են հունվար և հունիս ամիսներին: Հունվար ամսին նախատեսվող միասնական քննությունները պարտադիր չեն, դրանց կազմակերպման նպատակը դիմորդներին միասնական քննություն հանձնելու լրացուցիչ հնարավորություն տալն է:

Հիմնավորման մեջ նշվում է, որ յուրաքանչյուր տարի միասնական քննություններից հետո բազմաթիվ դիմումներ են ստացվում դիմորդներից ու նրանց ծնողներից՝ միասնական քննությունները վերահանձնելու խնդրանքով: Նշվում է նաև, որ միասնական քննությունները տարեկան երկու անգամ կազմակերպելով՝ կթուլանա դրանց հետ կապված լարվածությունը դիմորդների շրջանում:

Միասնական քննություն հանձնել ցանկացող անձինք տարվա մեջ երկու անգամ միասնական քննության մասնակցելու հնարավորությամբ կկարողանան շտկել իրենց թերությունները տվյալ քննական առարկայից, խորացնել գիտելիքները, միաժամանակ պատրաստվել ոչ թե մի քանի քննական առարկայի, այլ որոշակի ժամանակահատվածում կենտրոնանալ միայն մեկ առարկայի վրա:

Հունիս ամսվա միասնական քննությունների համար անհրաժեշտ գումարի կեսը հատկացվում է ՀՀ պետական բյուջեից, իսկ մյուս մասը ձևավորվում է դիմորդների վճարներից՝ յուրաքանչյուր քննության համար 1500 դրամ: Հունվարին նախատեսվող քննությունների կազմակերպման համար ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորում նախատեսված չէ, այդ իսկ պատճառով նախատեսվում է անհրաժեշտ գումարը ձևավորել դիմորդների վճարներից՝ յուրաքանչյուր քննության համար 3000 դրամ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---