Վարչապետ. Հաշմանդամության կարգի տրամադրումը պարզ ու կանխատեսելի չէ

Վարչապետ. Հաշմանդամության կարգի տրամադրումը պարզ ու կանխատեսելի չէ

PanARMENIAN.Net - Հաշմանդամության կարգի տրամադրման ընթացակարգը պարզ ու կանխատեսելի չէ, լիարժեք չէ հաշմանդամության գործընթացի կազմակերպման ու մոնիթորինգային համակարգը: Այդ մասին հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ կառավարության նիստում անդրադառնալով բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի խնդիրներին:

«Սոցիալական պաշտպանության ոլորտում մատուցվող ծառայությունների հասցեականության ու արդարության ապահովման գործընթացում կարևոր դերակատարություն ունի բժշկական սոցիալական փորձաքննություն կատարող հանձնաժողովը», - ասել է վարչապետը, հայտնում է Aysor.am-ը:

Նա ընդգծել է, որ, չնայած նախկինում ձեռնարկած որոշ միջոցներին, ներկայումս գործող կարգավորումները, ինչպես նաև նշված հանձնաժողովների արդյունավետությունն անբավարար են:

«Հանձնաժողովների գործունեության մեջ նվազագույնի հասցված չէ սուբյեկտիվ գործոնների ազդեցությունը, հաշմանդամության կարգի տրամադրոման ընթացակարգը պարզ ու կանխատեսելի չէ», - ասել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետը աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության նախարարներին հանձնարարել է մեկամսյա ժամկետում համատեղ մշակել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի որակական փոփոխմանն ուղղված առաջարկություններ` հստակ անդրադարձ կատարելով փորձաքննությունների կազմակերպման ընթացակարգերի, մոնիթորինգային համակարգի ու բժիշկ-փորձագետին ներկայացվող պահանջների վերանայման ոլորտային պատասխանատվության շրջանակի հստակեցմանը, ինչպես նաև գործընթացի թվայնացման ու էլեկտրոնային առողջապահության համակարգին համակցելու հարցերին:

«Նախնական մենք քննարկել ենք սա սոցապ նախարարի ու առողջապահության նախարարի հետ, այն ուրվագիծը, որ իրենք առաջարկում են, որակապես փոխելու է այդ ոլորտը, այնպես որ` մեկ ամսվա ժամկետի մեջ վստահ եմ, որ կստանանք նոր խաղի կանոններ», - ասել է Կարեն Կարապետյանը:

Ավելի վաղ նախարար Արտեմ Ասատրյանը հավաստիացրել էր, որ որևէ փոփոխություն ինքնանպատակ չի արվելու, ավելին, հստակեցնելով «հաշմանդամություն ունենալու» և «հիվանդ լինելու» չափորոշիչները` պետությունը հնարավորություն է ունենալու հաշմանդամներին տալ հավասար հնարավորություններ իրենց իրավունքների լիարժեք իրացման համար, իսկ հիվանդություն ունեցող անձանց` համապատասխան ծառայությունների փաթեթ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---