ՀՀ-ում բժշկական համակարգի հաշտարարի ինստիտուտ կներդրվի

ՀՀ-ում բժշկական համակարգի հաշտարարի ինստիտուտ կներդրվի

PanARMENIAN.Net - Առաջիկայում Հայաստանում կներդրվի բժշկական համակարգի հաշտարարի ինստիտուտը։ Այդ նպատակով ստեղծված աշխատանքային խումբն ուսումնասիրել է միջազգային փորձը, ինչի հիման վրա հստակեցվել են ստեղծվելիք կառույցի գործառույթները։

Բժշկական համակարգի հաշտարարի ինստիտուտի ներդրումը չի ենթադրում վերահսկողության և մոնիտորինգի մեխանիզմների վերացում։ Թափանցիկ այս համակարգը կլրացնի եղած հնարավորությունները` բողոքներին արագ և պատշաճ արձագանքելու, բնակչության շրջանում դժգոհությունները նվազագույնին հասցնելու նպատակով։

Կառույցը կարող է լրջորեն նպաստել պացիենտ-բժիշկ/բուժհաստատություն փոխհարաբերությունների ընթացքում ծագող վեճերն արագ և արդյունավետ լուծելուն, հայտնում է առողջապահության նախարարը:

Մշակվել է «Բժշկական համակարգի հաշտարարի գործունեության մասին» ՀՀ օրենքի հայեցակարգը: Այն ներկայացվել է շահագրգիռ մարմիններին, դրվել շրջանառության մեջ։ Հայեցակարգը նաև տեղադրվել է e-draft կայքում, ապա, սահմանված ժամկետում, ներկայացվել է ՀՀ կառավարություն։

Հայեցակարգի ընդունումն իրավական հիմք կհանդիսանա «Բժշկական համակարգի հաշտարարի գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակման համար։ Արդյունքում, առաջին անգամ կամրագրվի պացիենտների իրավունքների պաշտպանության միջազգայնորեն ընդունված առանձին ինստիտուտ` ապահովելով պացիենտների իրավունքների մասնագիտացված, անվճար, արագ և արդյունավետ պաշտպանությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---