Մայր Աթոռ․ Ակնկալում ենք, որ Թուրքիան կընդառաջի պատրիարքի ընտրությունների հարցում

Մայր Աթոռ․ Ակնկալում ենք, որ  Թուրքիան կընդառաջի պատրիարքի ընտրությունների հարցում

PanARMENIAN.Net - Փետրվարի 20-23-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ, տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ընթացքում անդրադարձ է կատարվեց Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքության կյանքում վերջին տարիների զարգացումներին և պատրիարքական ընտրությունների կազմակերպման գործընթացին։

Քննարկումների արդյունքում Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ Մայր Աթոռն ակնկալում է Թուրքիայի իշխանություններից, որ ընդառաջեն Հայոց պատրիարքի ընտրությունների կազմակերպման հայ համայնքի արդար պահանջին։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Գերագույն հոգևոր խորհուրդը կրկին իր մտահոգությունն է արտահայտում Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հիվանդության պատճառով անցնող 10 տարիների ընթացքում Պատրիարքության և պոլսահայության կյանքում տեղ գտած անցանկալի զարգացումների առնչությամբ։ Պատրիարքական Աթոռի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ անհանգստություն և ընդվզում է առաջ բերել աշխարհասփյուռ մեր ժողովրդի մեջ»։

Նշվում է, որ փաստացի թափուր Աթոռի իրողության և նոր պատրիարքական ընտրություններ անցկացնելու հրամայականի առջև 2016-ին Պատրիարքության մեջ նոր զգայունություններ առաջացան, որոնց փարատման համար Ամենայն Հայոց կաթողիկոսի հորդորով Սուրբ Էջմիածին հրավիրված Աթոռի եպիսկոպոսաց դասը հանձնառու եղավ հանգուցալուծման առաջնորդելու առկա խնդիրները։ Արդյունքում պատրիարքական տեղապահի ընտրությունը նոր հույս ներշնչեց պատմական Աթոռը գահակալով օժտելու և պոլսահայության բնականոն կյանքը վերականգնելու առումով, հայտնում է Մայր Աթոռի մամուլի ծառայությունը։

«Ցավով ենք արձանագրում, որ կարճ ժամանակ անց եկեղեցական պատասխանատու մարմինների ու անհատների անշրջահայաց քայլերի հետևանքով ստեղծվեց մի իրավիճակ, որն առիթ տվեց արտաքին ներազդեցությունների և Թուրքիայի իշխանությունների միջամտության՝ հանգեցնելով նորանոր հուզումների և վերստին ձախողելով պատրիարքական ընտրությունների կազմակերպմանն ի նպաստ ներդրված ջանքերը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մշտապես ողջունել է պոլսահայության կամարտահայտությունը և իր զորակցությունն է բերել Աթոռի պատկան կառույցների կողմից առնվող որոշումներին։

Պոլսո Պատրիարքության Կրոնական ժողովի 2018 թ. փետրվարի 9-ի որոշումը նկատի առնելով հանդերձ` սթափության կոչ ենք ուղղում Աթոռի միաբաններ արքեպիսկոպոս Գարեգին Բեքչյանին, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին, եպիսկոպոս Սահակ Մաշալյանին և մնացյալ եկեղեցականներին՝ սեփական ձգտումներից ու միջանձնային հարաբերություններից վեր դասելու և առաջնային նկատելու Կ.Պոլսո Աթոռի շահը՝ ամենայն իմաստությամբ և հանձնառությամբ սրբագրելու արձանագրված սխալ գործընթացները և վերականգնելու խաղաղությունը, միասնությունն ու համերաշխությունը պոլսահայոց ալեկոծյալ կյանքում»,-ասվում է հայտարարության մեջ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հորդորում է Կրոնական ժողովի անդամներին և համայնքում հեղինակություն ունեցող աշխարհականներին՝ միաբան ու համախորհուրդ, Հայոց եկեղեցու կանոնների և օրինական պահանջների պահպանմամբ, հետամուտ լինել երկարամյա ծանր հիվանդության մեջ գտնվող Մեսրոպ պատրիարքին անգործունյա ճանաչելուն և պետության հետ սահմանված ընթացակարգով պատրիարքական ընտրությունների կազմակերպմանը:

Հոգևոր ժողովը նաև հանդարտության կոչ է հղել նաև աշխարհասփյուռ ժողովրդին` ողջախոհությամբ և զսպվածությամբ առիթ ընձեռելու Պոլսո Աթոռին հաղթահարելու ստեղծված կացությունը:

Փետրվարի 5-ին Ստամբուլի նահանգապետարանը պատրիարքարան նամակ էր ուղարկել, որով անվավեր էր համարվում պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի ընտրությունը և այդ ընթացքում նրա ընդունած որոշումները, իսկ պատրիարքության ղեկավար էր ճանաչվում Արամ Աթեշյանին: Նամակում ընդգծվում է, որ պատրիարքի ընտրություններ չեն կարող անցկացվել, քանի դեռ ողջ է Մեսրոպ Մութաֆյան պատրիարքը:

Փետրվարի 9-ին Պոլսի հայոց պատրիարքարանում գումարված կրոնական ժողովը որոշել էր ընդառաջել պետության պահանջներին և Արամ Աթեշյանին վերականգնել պատրիարքի փոխանորդի պաշտոնում:

2017 թվականի մարտի 15-ին Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ ընտրված արքեպիոսկոպոս Գարեգին Բեքչյանը հրաժեշտի նամակով դիմել է պոսլահայությանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---