Ադրբեջանի ինքնախաբեությունը կարող է լրջորեն ազդել ղարաբաղյան գործընթացի վրա

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը գոհ է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողով Ադրբեջանի կողմից ներկայացված «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված շրջաններում» բանաձեւը չպաշտպանած երկրների քանակից: «Ես նրանց որոշումը դրական եմ գնահատում: Այս բանաձեւը ՄԱԿ-ի ԳՎ կողմից ոչ պարտադիր, խորհրդատվության բնույթ ունեցող հայտարարութուն է, եւ չեմ կարծում, որ այն կարող է ազդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վրա, եթե իհարկե Ադրբեջանը խաբեությամբ կամ ինքնախաբեությամբ չտարվի»,- նշել է Վ. Օսկանյանը: Նրա խոսքերով, սա ոչ պիտանի, անժամանակ, անիմաստ քայլ էր ինչպես գործընթացի, այնպէս էլ բովանդակության տեսանկյունից: «Եթե նրանք մտադիր են սա կիրառել իրենց ներքին գործերից դուրս որեւէ այլ պատճառներով, եւ իրենք իրենց համոզել են, որ միջազգային հանրությունն իրապես պաշտպանում է օրինագծում տեղ գտած իրենց միակողմանի ձգտումները, ապա սա լուրջ խնդիրներ կառաջացնի բանակցային գործընթացում: Ադրբեջանի համար մի բան պետք է հստակ լինի, օրինագծերի ոչ մի քանակ չի կարող ստիպել Լեռնային Ղարաբաղին ետ կանգնելու ինքնորոշման ճանապարհից: Պատմության մեջ ցույց տվեք ինձ մի օրինակ, երբ հակամարտությունը լուծվել է միջազգային կազմակերպության կամ երրորդ երկրի կողմից որեւէ փաստաթղթի ներկայացմամբ կամ ընդունմամբ: Նման բան ոչ տեղի է ունեցել, ոչ էլ հաստատ տեղի կունենա Լեռնային Ղարաբաղի պարագայում: Գլխավոր ժողովի 1948 թվականի` Պաղեստինի բաժանման վերաբերյալ բանաձեւը ոչ մի հարց չլուծեց: Բոլորովին վերջերս Անվտանգության խորհրդի Կոսովոյի վերաբերյալ բանաձեւը նույնպես ընդունելի ճանապարհով կողմերին համաձայնության չհանգեցրեց: Հիշում եմ, երբ Լիսաբոնում ԵԱՀԿ-ի գործող նախագահը Լեռնային Ղարաբաղի վերաբերեալ որոշում ընդունեց, Ադրբեջանի ուրախությունն անսահման էր: Ադրբեջանից տարիներ պահանջվեց հասկանալու համար, որ այդ փաստաթուղթը արժեք չուներ»,- ընդգծել է ՀՀ արտգործնախարարը:



Անդրադառնալով միջազգային հանրության կողմից Հայաստանին ուղղված պատգամին, Օսկանյանը նշել է, որ դա ընդամենը Ադրբեջանի պատգամն է: «Պնդելով այս ոչ պիտանի, չհամաձայնեցված բանաձեւի ընդունման վրա, Ադրբեջանը ցոյց տվեց երկու բան. որ ցանկանում է խուսափել Մինսկի խմբի գործընթացից, հետեւաբար նաեւ ներկայումս բանակցային սեղանին դրված փաստաթղթից, եւ որ իրենք պատրաստ են համագործակցել միայն համաձայն իրենց ցանկությունների, այլ ոչ թէ փոխզիջումների ճանապարհով: Սա դժբախտաբար այն պատգամն է, որ մեզ մնաց այս ամենից»,- հայտարարել է Վարդան Օսկանյանը «Ազդակ» թերթին տված հարցազրույցում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---