Պետդուման կոչ է արել ՌԴ նախագահին եւ կառավարությանը քննարկել Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախության ճանաչման հարցը

PanARMENIAN.Net - Երեկ, մարտի 21-ին, Ռուսաստանի Պետական դուման որպես հիմք է ընդունել հայտարարությունը, որով առաջարկվում է Ռուսաստանի նախագահին ու կառավարությանը քննարկել Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախության ճանաչման նպատակահարմարության հարցը: Փաստաթղթում պատգամավորներն առաջարկում են դիտարկել «Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի ինքնիշխանացման օբյեկտիվ գործընթացի արագացման հնարավորությունը, ընդհուպ մինչեւ նրանց անկախության ճանաչումը բնակչության կամքի արտահայտման համաձայն»: Ինչպես նշվում է հայտարարության մեջ, Ռուսաստանը պետք է միջոցներ ձեռնարկի Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի տարածքում բնակվող Ռուսաստանի քաղաքացիներին պաշտպանելու համար, Վրաստանի կողմից զինված հարձակման կամ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցման դեպքում: Պետդուման առաջարկում է նաեւ հզորացնել խաղաղապահների ներուժը վրաց-աբխազական եւ վրաց-հարավօսական հակամարտությունների գոտիներում:



Ռուսաստանում Հարավային Օսեթիայի լիազոր ներկայացուցիչ Դմիտրի Մեդոեւի խոսքերով, Պետդումայի հայտարարությունը վստահություն է ներշնչում Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի ժողովրդներին եւ վկայում է այն մասին, որ նրանց ճանաչման գործընթացը սկսվել է: Լիազոր ներկայացուցիչը հույս է հայտնել, որ Ռուսաստանի նախագահն ու կառավարությունը «կարձագանքեն» հայտարարությանը ըստ ՌԴ Սահմանադրության եւ կգորեծն, ելնելով իրավիճակից, որ ձեւավորվում է ոչ միայն Հարավային Օսեեթիայի եւ Աբխազիայի, այլ նաեւ Ռուսաստանի շուրջ: «Մասնավորապես, խոսքը գնում է Բուխարեստում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասին, որտեղ կարող է մեկնարկել դաշինքին Վրաստանի անդամակցման գործընթացը»,-պարզաբանել է Մեդոեւը: Նա հավելել է, որ Հարավային Օսեթիան ճանաչում է ակնկալում նաեւ Վրաստանից:



Իր հերթին ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Դենիել Ֆրիդը համարում է, որ Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի ճանաչումը «մեծ սխալ կլինի»: «Եթե ՌԴ-ն ճանաչի Աբխազիան եւ Հարավային Օսեթիան, դա շատ մեծ սխալ կլինի Ռուսաստանի կողմից եւ մեծ խնդիրներ կառաջացնի նրա համար»,-ասել է Ֆրիդը: Նրա խոսքերով, ԱՄՆ-ն սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը եւ կողմ է այդ հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, հաղորդում է «Ռուսկայա լինիա»-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---