ԳՇ պետ․ Ապրիլյանի պես գործողություն Բաքուն էլ չի կարող իրագործել

ԳՇ պետ․ Ապրիլյանի պես գործողություն Բաքուն էլ չի կարող իրագործել

PanARMENIAN.Net - Երկու տարվա ընթացքում բավականին մեծ աշխատանք է կատարվել և այն խնդիրների ուղղությամբ, որոնք կային ապրիլյան պատերազմի ժամանակ, համապատասխան միջոցներ են ձեռնարկվել: Այդ մասին հայտարարել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը՝ հավելելով, որ ապրիլյան պատերազմից հետո նոր սպառազինություն է ձեռք բերվել:

«Հակառակորդն այդպիսի ռազմական գործողություն այլևս չի կարող իրականացնել, քանի որ հայոց բանակը պատրաստ է: Հակառակորդի նկատմամբ գերակայություն ձեռք բերելու ուղղությամբ այժմ աշխատանքներն ենք իրականացնում»,-ասել է նա, հայտնում է «Հայկական ժամանակը»:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք ապրիլյան պատերազմում կորցրած Լելե Թեփեն վերադարձնելու անհրաժեշտություն չկա և երբ դա կարվի՝Մովսես Հակոբյանն ասել է. «Երբ դրա վերաբերյալ անհրաժեշտ որոշում կայացվի»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Հանրապետական գործիչները հայտարարություններ են անում, թե կորցրած տարածքները ռազմավարական նշանակության չեն, և արդյո՞ք դրանով է պայմանավորված, որ քայլեր չեն արվում կորցրած տարածքները հետ բերելու ուղղությամբ, Հակոբյանն ասել է.«Հայրենիքը Հանրապետական կուսակցությանը չէ, և հայ ժողովուրդն է որոշելու»:

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե ժողովուրդն անկարևոր չի համարում այդ կորուստը, նա հայտարարել է, որ Լելե Թեփեն ռազմավարական նշանակության տարածք չի համարվում:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ դասեր են քաղել ապրիլյան պատերազմից, այն դեպքում, երբ բանակում կոռուպցիոն գործարքները շարունակվում են, բանակին տուֆ ու լվացքի մեքենա են ուղարկում, Մովսես Հակոբյանն ասաց, թե բանակը որևէ բանի կարիք չունի։ «Բանակն ապահովված է ամեն բանով, եթե մեր քաղաքացին որոշել է որևէ բանով օգնել բանակին, դա ընդհանրապես քաղաքացու կամքն է», - նշել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը։

Պատասխանելով ճշտող հարցին՝ բանակում կոռուպցիա էլ չկա՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանն ասել է, որ ինքը իրավապահ չէ, չի կարող պատասխանել:

2016-ի ապրիլի 2-ի վաղ առավոտյան, Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություն սանձազերծեց Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով: Առճակատումը տևեց 4 օր՝ հետագայում ստանալով Քառօրյա պատերազմ կամ Ապրիլյան պատերազմ անվանումը։ Առավել թեժ մարտեր են ընթացել ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային՝ Հադրութի, և հյուսիսարևելյան՝ Մարտակերտի ուղղություններով։ Ադրբեջանական կողմը լայնածավալ հարձակողական գործողություններում կիրառեց իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները։

Ապրիլի 2-5-ն ընթացած մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմի կորուստները կազմել են 64 զինծառայող, 13 կամավորական, 4 քաղաքացիական անձ (81 կորուստ) և 120-ից ավելի վիրավոր (ևս 9 զինածայող զոհվել էր պատահարների արդյունքում ակտիվ մարտական գործողությունների դադարեցումից հետո, մինչև ապրիլի 13-ը ընկած ժամանակահատվածում, մի քանիսը՝ մահացել էին ավելի ուշ, հոսպիտալներում): Պետդեպի հայտնած տվյալներից հետևում է, որ 81 հայկական զոհերից բացի, մոտ 270 ադրբեջանցի զոհ է եղել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---