ԱԱԾ. Իրանից ՀՀ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց են փորձել ներմուծել

ԱԱԾ. Իրանից ՀՀ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց են փորձել ներմուծել

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության դեպք:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Իրանի քաղաքացիներ, ամուսիններ Ա.Ա-ն և Շ.Շ-ն, մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով Իրանից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ՀՀ ներմուծելու և ապօրինի իրացնելու շուրջ նախնական համաձայնության են եկել ԻԻՀ քաղաքացի, Հայաստանում բնակվող Ս.Բ.-ի հետ: Նրանք Իրանում ապօրինի ձեռք են բերել առանձնապես խոշոր չափերով ափիոն, մետամֆետամին և հերոին տեսակի թմրամիջոցներ, որոնք թաքցրել են հագուստի ու մարմնի մեջ և 2018-ի ապրիլի 29-ին Թեհրան-Երևան չվերթով տեղափոխել Հայաստան։

Այնուհետև, մաքսանենգություն կատարած անձինք դուրս գալով «Զվարթնոց» օդանավակայանից, թմրամիջոցները փոխանցելու նպատակով փորձել են մեկնել պատվիրատուի հետ հանդիպման, սակայն բերման են ենթարկվել ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությունը) և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը` իրացնելու նպատակով) հատկանիշներով:

Վերը նշված երեք անձինք ձերբակալվել են։ Կատարվում է նախաքննություն, հայտնում է ԱԱԾ մամուլի կենտրոնը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---