Առողջապահության նորանշանակ նախարարը ներողություն է խնդրել իր «սխալ ընկալված արտահայտությունների» համար

Առողջապահության նորանշանակ նախարարը ներողություն է խնդրել իր «սխալ ընկալված արտահայտությունների» համար

PanARMENIAN.Net - Առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը ներողություն է խնդրել իր «այն արտահայտությունների համար, որոնք սխալ են ընկալվել»: Այդ մասին հայտնում է ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջի գրառումները և տարբեր հարթակներում հնչեցրած հայտարարությունները տարաբնույթ մեկնաբանությունների առիթ են դարձել: Լինելով ակտիվ սոցիալական ցանցերում և անտարբեր չլինելով առողջապահական ոլորտում իրականացվող ծրագրերին՝ Արսեն Թորոսյանը մշտապես իր դիրքորոշումն ու մտահոգություններն է հայտնել: Սակայն վերջին օրերին որոշ արտահայտություններ, համացանցում ներկայացվելով համատեքստից դուրս, թյուրըմբռնման տեղիք են տվել»,- ասվում է հայտարարության մեջ:

ՄԻԲՍ բժշկա-ախտորոշիչ կենտրոնի նախկին տնօրեն Արսեն Թորոսյանը հայտնի է սոցիալական ցանցերում արված սուր մեկնաբանություններով: Նրա նշանակման լուրից հետո, մասնավորապես, Facebook-ում սկսեցին տարածվել Թորոսյանի արված գրառումների և մեկնաբանությունների սքրինշոթեր, որոնցում նա խիստ գնահատականներ է տալիս պատվաստումների դեմ պայքարողներին և դատապարտում դրանցից հրաժարվողներին: Որոշ օգտատերեր այդ գրառումների և մեկնաբանությունների հիման վրա սկսեցին կոչերով դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի Թորոսյանին առողջապահության նախարար նշանակելու որոշումը վերանայվի:

Նախարարությունը նշում է, որ Թորոսյանը ներողություն է խնդրում այն արտահայտությունների համար, որոնք սխալ են ընկալվել. «Հնչեցրած գնահատականներն ուղղված են եղել հիվանդությունների կանխարգելմանն ու կյանքեր փրկելուն, իսկ խիստ պատասխաններն ու սուր օրինակները, իրավիճակից ելնելով, միայն սթափեցնելու միտում են ունեցել»:

Թորոսյանի խոսքով՝ մարդկային կյանքեր փրկելու համար, այդ թվում՝ երեխաների, պետք է օգտագործվի գիտության ամբողջ արսենալը:

«Մեր ուղեցույցը պետք է լինի ապացուցողական բժշկությունը: Մեր երեխաները պետք է առողջ լինեն, ցանկացած մոտեցում պետք է գրագետ հենք ունենա և միտված լինի բնակչության առողջության պահպանմանը»,- նշվում է հայտարարության մեջ:

Ընթերցեք նաև. Ովքեր են Փաշինյանի կառավարության նորանշանակ անդամները

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---