Ոստիկան ներկայացած անձինք ցուցարարի են փորձել առևանգել. Քրգործ է հարուցվել (վիդեո)

Ոստիկան ներկայացած անձինք ցուցարարի են փորձել առևանգել.  Քրգործ է հարուցվել

PanARMENIAN.Net - ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու բողոքի ակցիաներ իրականացնելու ժամանակ անչափահաս տղային առևանգելու փորձ կատարած անձանց ինքնությունը, հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը:

Մայիսի 5-ին բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել ապրիլի 20-ին Այվազովսկի փողոցում անչափահասների նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Պարզվել են անչափահասների նկատմամբ բռնություն կիրառած անձանց ինքնությունը և ձեռք բերված ապացույցների հիման վրա` 4 անձի գործողություններին կտրվի համարժեք քրեաիրավական գնահատական։

Կատարված բազմակողմանի քննության ընթացքում պարզվել է, որ ծեծի ենթարկված անչափահասներից մեկին նույն օրը փորձ է արվել առևանգել։ Մասնավորապես՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից զննության ենթարկված տեսագրություններից տեսանելի է, որ բողոքի ակցիային մասնակցող անչափահասին «Էրեբունի» թանգարանի մոտակայքում մոտեցել է «Նիսսան Տիանա» մակնիշի գերմանական համարանիշներով ավտոմեքենա, որից դուրս են եկել մի քանի երիտասարդ, ներկայացել որպես ոստիկանության աշխատակիցներ և փորձել նրան բռնի ուժով նստեցնել ավտոմեքենան, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել:

Դեպքի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ:

Քննչական կոմիտեն հորդուրում տեսանյութում պատկերված անձանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն ունեցողներին հայտնել կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---