Մասիսի քաղաքապետը չի կարող ժամանակավորապես դադարեցնել պաշտոնավարումը

Մասիսի քաղաքապետը չի կարող ժամանակավորապես դադարեցնել պաշտոնավարումը

PanARMENIAN.Net - Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, թե լիազորված չէ կատարել դատախազի որոշումը՝ Մասիսի քաղաքապետի պաշտոնում պաշտոնավարությունը դադարեցնելու մասին։

Դիմելով Երևան քաղաքի դատախազի պաշտոնակատար Լ. Գրիգորյանին, Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Գ. Ս. Գևորգյանին, ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին՝ Մասիսի քաղաքապետը նշել է, որ դատախազի որոշումները Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և փոխքաղաքապետ Կարեն Օհանյանի պաշտոնավարությունը նշված պաշտոններում ժամանակավոր դադարեցնելու մասին գործող օրենսդրության շրջանակներում հնարավոր չի կատարել:

Սույն թվականի հունիսի 05-ին Երևան քաղաքի դատախազի պաշտոնակատարի առանց համարակալման գրությամբ (նշված է քրեական գործի համարը որպես գրության համար) Մասիսի քաղաքապետարան է ուղարկվել Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Գ.Ս. Գևորգյանի 05.06.2018թ. որոշումները թիվ 12200518 քրեական գործի շրջանակներում մեղադրյալների՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանիս և փոխքաղաքապետ Կարեն Օհանյանի պաշտոնավարությունը նշված պաշտոններում ժամանակավոր դադարեցնելու մասին:

Ըստ Դավիթ Համբարձումյանի, որոշումները հնարովոր չէ կատարել հետևյալ հիմնավորմամբ՝ տեղական ինքնակառավարման ոլորտը կարգավորող օրենսդրությունը չի նախատեսում «համայնքի ղեկավարի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման» ինստիտուտ:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը նախատեսում է միայն «համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման» ինստիտուտ (հոդված 26):

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը կարգավորում է միայն այն ինստիտուտը, երբ համայնքի նորընտիր ղեկավարը չի ստանձնել իր պարտականությունների կատարումը և անհրաժեշտ է նշանակել պարտականությունների ժամանակավոր կատարող մինչև ընտրված ղեկավարի կողմից պարտականությունների ստանձնելը (հոդված 27) :

«Ելնելով վերոգրյալից պարզ է դառնում, որ պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին որոշումը կատարելու որևէ օրենսդրական նորմ և ընթացակարգ չի գործում: Հետևաբար՝ իմ կողմից ինքնակամ, առանց որևէ իրավական ակտ կայացնելու պարտականությունների կատարման ժամանակավոր դադարեցումը կհանգեցնի Մասիս քաղաքում տեղական ինքնակառավարման բացակայությանը և իրավաբանական քաոսի՝ որևէ պետական մարմին Հայաստանում նման դեպքում լիազորված չէ նշանակելու քաղաքապետին փոխարինող անձ: Դատախազը իմ` որպես Մասիսի քաղաքապետի և փոխքաղաքապետ Կարեն Օհանյանի պաշտոնավարությունը նշված պաշտոններում դադարեցնելու մասին որոշումներ կայացնելիս հիմք է ընդունել միայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 4-րդ մասը, 152-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը:

Հարկ է նշել, որ Մասիսի քաղաքապետարանը չունի իր կառուցվածքում «վարչակազմ» անվանմամբ կառույց, որին կարող են վերահասցեագրվել վերը նշված որոշումները»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ ՀՀ քրեական դատավարության 152-րդ հոդվածը կարգավորում է հանրային ծառայության մեջ գտնվող կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու հարաբերությունները: Այս հոդվածի համակարգային վերլուծությունից բխում է, որ այն պետք է դիտարկել մինչև 23.03.2018թ. «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի ընդունումը գործող 26.05.2011թ. «Հանրային ծառայության մասին» օրենքի տրամաբանության շրջանակներում և դրա կարգավորումների հետ փոխկապակցված:

Այդ մասին է վկայում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի «Կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման մասին որոշումն ուղարկվում է նրա աշխատավայրի վարչակազմի ղեկավարին» ձևակերպումը, ինչը նշանակում է, որ այդպիսի որոշում կարող է կայացվել այն հանրային ծառայողի նկատմամբ, որը զբաղեցնում է ոչ թե ընտրովի, այլ նշանակովի պաշտոն, և հետևաբար դրանով է պայմանավորված որոշումը նրա աշխատավայրի վարչակազմի ղեկավարին ուղարկելը:

Նշվում է նաև, որ համայնքային քաղաքական պաշտոններ զբաղեցնելու, համապատասխան անձանց լիազորությունները դադարեցնելու կառուցակարգերը սահմանված են բացառապես «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է միայն քրեական գործերի վարույթի կարգը (հոդված 1), հետևաբար՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152 հոդվածի պահանջները կարող են իրագործվել՝ կատարվել, միայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում համապատասխան հիմքերի շարքում նշվելուց և ի կատար ածման կարգը սահմանվելուց հետո: Այս միտքը հաստատվում է նաև ՀՀ քրեական դատավարության օրենգրքի 152 հոդվածի 2-րդ մասի տրամաբանական վերլուծությամբ՝ դատախազի որոշումը կիրառելի չէ ուղղակի, այլ միայն միջնորդավորված՝ այլ մարմնի կողմից որոշում կայացնելու եղանակով:

Համաձայն ՀՀ Սահմմանադրության 6-րդ հոդվածի պետական և տեղական ինքնակառավարման մարմիներն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

«Ակնհայտ է, որ ես՝ որպես Մասիսի քաղաքապետ ՀՀ Սահմանադրությամբ կամ օրենքներով լիազորված չեմ կատարելու վերը նշված որոշումների պահանջները, մեր կողմից ինքնակամ եղանակով պաշտոնավարման ժամանակավոր դադարեցումը կհանգեցնի ծանր հետևանքների համայնքի համար, ուստի և ես, և փոխքաղաքապետը պարտավոր ենք շարունակել մեր պարտականությունների կատարումը՝ օրենքով սահմանված կարգով:

Պատրաստ ենք ժամանակավոր դադարեցնել մեր պաշտոնավարումը՝ տեղական ինքնակառավարման ոլորտում իրավասու մարմնի կողմից օրենքի հիման վրա կայացված որոշման առկայության դեպքում», - ասված է հայտարարության մեջ։

Հունիսի 5-ին Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և փոխաքաղաքապետ Կարեն Օհանյանի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին որոշում էր կայացրել:

Ավելի վաղ, զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալվել էին Դավիթ Համբարձումյանը և փոխաքաղաքապետ Կարեն Օհանյանը: Ավելի ուշ, դատարանը նրանց կալանավորելու միջնորդությունը մերժել էր և նրանք ազատ էին արձակվել:

 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---