Ավելի քան $30,5 մլն-ի ներդրում ՀՀ-ում. Փոխվարչապետ Ավինյանի՝ ԱՄՆ և Կանադա այցի արդյունքները

Ավելի քան $30,5 մլն-ի ներդրում ՀՀ-ում. Փոխվարչապետ Ավինյանի՝ ԱՄՆ և Կանադա այցի արդյունքները

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակության՝ ԱՄՆ և Կանադա կատայած այցի արդյունքում տարբեր ընկերությունների և կառույցների հետ ՀՀ-ում $30,5 մլն-ի ներդրումների պայմանավորվածություն է ձեռք բերվել: Այս մասին PanARMENIAN.Net - ին հայտնեց փոխվարչապետի օգնական Միքայել Նահապետյանը:

Նա ասաց, որ հունիսի 26-ին «Բիզնես Արմենիայի» պատվավոր ներկայացուցիչ, «ՎիԷյջԷլ դիվելոփմընթ» ընկերության ղեկավար Վարուժան Լապոյանն իր կազմակերպած ընդունելության ժամանակ հայտարարել է Հայաստանում շինարարության ոլորտում $5 մլն-ի ներդրում կատարելու մասին։ Տորոնտոյի քաղաքապետը ցանկություն է հայտնել առաջիկա տարում Կանադայի գործարարների պատվիրակության հետ այցելել Հայաստան՝ քննարկելու վերջիններիս հետաքրքրող ոլորտներում ներդրումների հնարավորությունները:

«Հունիսի 27-ին՝ կանադահայ գործարարների հետ հանդիպման ժամանակ «Կասկադ գարդենզ» ընկերության ներկայացուցիչներ Շանթ Ղազարյանի, Րաֆֆի Դուդակլյանի, Անդրե Գումուշջյանի և Սահակ Արսլանյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել $5,5 միլիոնի շինարարական նախագիծ իրականացնել Կասկադի տարածքում հաջորդ տարվա մարտից:Արմինե Յալնիզյանի հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ոլորտային ռազմավարությունների արդիականացման ուղղությամբ», - նշեց Նահապետյանը:

Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում կանադական «Ատլաս» դեղագործական ընկերության մասնաճյուղ և գիտահետազոտական կենտրոն բացելու մասին:

«Այսպիսով՝ Կանադա կատարած այցի շրջանակում միայն ֆինանսական ներդրումների առումով ձեռք է բերվել $10,5 մլն ներդրում կատարելու վերաբերյալ պայմանավորվածություն: «Սերվիս Թայթն» ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքում նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել ընկերությանն աջակցել՝ հիմնելու 50 հոգանոց մասնաճյուղ Երևանում: «Բիզնես Արմենիայի» և Crystal Lake Holdings LLC-ի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, համաձայն որի՝ կազմակերպությունը $10 մլն-ի ներդրում է կատարելու Սևանա լճի ափին հյուրանոցային համալիր կառուցելու համար», - ասաց Նահապետյանը:

Նրա փոխանցմամբ, քննարկվել է սրտի աշխատանքի աջակցման միկրոէլեկտրոնային սարքերի արտադրությամբ զբաղվող St. Jude Medical Inc ընկերության Հայաստանյան մասնաճյուղ հիմնելու հնարավորությունը:Eco Panel Group Inc. ընկերության հետ ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն Հայաստանում ներդնելու 10 մլն դոլար՝ EPG էկոպանելների արտադրության գործարան հիմնելու նպատակով, որի տեխնոլոգիան պատենտավորված է աշխարհի 50 երկրներում:

«Հունիսի 30-ին գործարարների հետ հանդիպման ժամանակ ձեռք են բերվել մի շարք նախնական պայմանավորվածություններ: Մասնավորապես՝ Բերջ Ապկարյանի հետ քննարկվել են մի շարք բժիշկների՝ աշնանը Հայաստան կատարելիք այցի մանրամասները, Հայաստանին տրամադրվող անվճար բժշկական օգնությունն ավելի թիրախային և արդյունավետ դարձնելու հարցերը: Edge-core Networks ընկերության տնօրեն Ջորջ Չապարյանն առաջարկել է Հայաստանի տեխնոլոգիական համալսարաններին օգնել սարքավորումներով, ինչպես նաև փոխանցել բարձր տեխնոլոգիաների ոլորտում իր ունեցած փորձն ու ծանոթությունները: Pedorthic Laboratory Specialities ընկերության տնօրեն Համբարձում Կումուրյանը խոստացել է դիտարկել Հայաստանում բժշկական լաբորատորիա և բժշկական ներդիրների արտադրամաս բացելու գաղափարները: Ռուբեն Աճեմյանը ներկայացրել է իր՝ տվյալների վերլուծությամբ զբաղվող կազմակերպության մասնաճյուղը Հայաստանում բացելու ծրագիրը: Ռուբիկ Եգորյանը ներկայացրել է Հայաստանում իր՝ Elite Pre-University կրթական կենտրոնի մասնաճյուղի հիմնման գաղափարը: Լաս Վեգասի պատվո հյուպատոս Ադրուշան Արմենյանը ներկայացրել է տուրիզմը խթանելու համար հայաստանյան գյուղերում զուգարաններ կառուցելու պատրաստակամությունը: Արա Կաչադուրյանը Տիգրան Ավինյանի հետ քննարկել է ֆիլմարտադրության ստուդիա ստեղծելու ծրագիրը՝ մանրամասները առաջիկա այցի ժամանակ քննարկելու ակնկալիքով», - ասաց փոխվարչապետի օգնականը:

ՀՀ կառավարության և Լոս Անջելեսի քաղաքի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որում կողմերը պատրաստակամություն են հայտնել միասին աշխատել լավագույն փորձը փոխանակելու նպատակով Հայաստանի քաղաքացիական ծառայողներին Լոս Անջելեսի կառավարման հաստատություններում ներգրավելու ծրագիր մշակելու ուղղությամբ: Քաղաքապետ Էրիկ Գարսետիի հետ քննարկվել է դեկտեմբերին վերջինիս՝ Հայաստան այցը կազմակերպելու գաղափարը:

Ամերիկահայ մի խումբ բժիշկներ առաջարկել են ֆինանսապես օգնել պարտադիր զինվորական ծառայություն կատարողների ընտանիքների համար բժշկական ապահովագրություն տրամադրելուն: Ամերիկահայ գործարար Աշոտ Թադևոսյանի հետ քննարկվել է Հայաստանում դեղերի արտադրամաս հիմնելու ծրագիրը:

«Defoe Redmount» ընկերության ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանն առաջարկել է Հայաստանում ներդրումային բանկային գործով և մասնավոր կապիտալի ոլորտով զբաղվող ընկերություն հիմնել:Կալիֆորնիա նահանգի սենատոր Էնթոնի Փորթանթինոյի հետ քննարկվել է սեպտեմբերին Հայաստան և Արցախ վերջինիս այցը կազմակերպելու հարցը:

«Այսպիսիով՝ ԱՄՆ կատարած այցի շրջանակներում միայն ֆինանսական ներդրումների առումով ձեռք է բերվել $20 մլն-ից ավելի ներդրումային պայմանավորվածություն», - ասաց նա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---