Սերժ Սարգսյանի եղբորորդին քաղաքացու է առևանգել, գազայրիչով վառել նրա մարմնի մասերը

Սերժ Սարգսյանի եղբորորդին քաղաքացու է առևանգել,  գազայրիչով  վառել   նրա մարմնի մասերը

PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ միջպետական հետախուզման մեջ գտնվող եղբորդի Նարեկ Սարգսյանը 2017 թվականին Երևանում բնակվող 49-ամյա մի տղամարդու է առևանգել ու ծեծի ենթարկել, հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Նախնական տվյալներով՝ տղամարդը ցանկացել է հիմնել գիշերային ակումբ, ուր պետք է այցելեին արտասահմանցի զբոսաշրջիկներ։ Օգոստոսի կեսերին Երևանի բնակիչ Նարեկ Սարգսյանի թիկնազորի ղեկավարը՝ Արտեմ Պողոսյանը, նրան հրավիրել է հանդիպման։ Մայրաքաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում Պողոսյանը այլ անձանց հետ տղամարդուն առևանգել է ու նրա կամքին հակառակ՝ տեղափոխել Նարեկ Սարգսյանի բնակության շենքի նկուղ։

Այստեղ տղամարդուն ծեծել են, Սարգսյանը ատրճանակով սպառնացել է, որ կկրակի, ապա գազայրիչով վառել է մարմնի տարբեր մասերը՝ պատճառելով վնասվածքներ։ Այնուհետև նրան տեղափոխել են Նորագավիթում գտնվող «Սկանյա» բեռնատարների սպասարկման սրահի վարչական շենք ու կրկին ծեծել։ Տղամարդուն բաց են թողել, երբ նա հավաստիացրել է, որ գիշերային ակումբների գործունեությամբ այլևս չի զբաղվելու։

Հանցագործության մասին նախկինում չի հայտնվել։ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերն ուղարկվել են գլխավոր դատախազություն՝ քննության հետագա ընթացքը որոշելու։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 31-ամյա Նարեկ Սարգսյանի հանդեպ միջպետական հետախուզում է հայտարարվել, իսկ նրա անվտանգության ղեկավար 28-ամյա Արտեմ Պողոսյանը կալանավորված է՝ այլ քրեական գործի շրջանակներում։

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Արամի փողոցի շենքերից մեկի բնակարանում թաքցված են առանձնապես խոշոր չափերի թմրանյութ և զենքեր։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ այն պատկանում է ՀՀ քաղաքացի, Երևանի բնակիչ 31-ամյա Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին: ԱԱԾ աշխատակիցները, իրականացված օպերացիայի շրջանակներում, օրեր շարունակ դարանակալել են Արամի փողոցում և 2018 թվականի հունիսի 25-ին նշված փողոցի շենքերից մեկից դուրս գալու պահին բերման են ենթարկել Սերոբ Սահակյանին և Վլադիմիր Շահինյանցին՝ իրենց մոտ գտնվող ճամպրուկներով:

ԱԱԾ քննչական վարչությունում իրականացված հարցաքննության արդյունքում պարզվել էր, որ բերման ենթարկված Սերոբ Սահակյանը թմրանյութեր և զենքեր թաքցրած Նարեկ Սարգսյանի մտերիմ ընկերն էր: Վերջինս իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվել է Նարեկ Սարգսյանին օժանդակելու համար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---