Տուգանքներ չվճարելու հետևանքով պետությանը մոտ $3 մլն-ի վնաս է պատճառվել

Տուգանքներ չվճարելու հետևանքով պետությանը մոտ $3 մլն-ի վնաս է պատճառվել

PanARMENIAN.Net - Ճանապարհային երթևեկության կանոնների (ՃԵԿ) խախտումների համար վարչական տուգանքների վճարումից խուսափելու սխեմատիկ հանցագործության դրսևորումներն են պարզվել.խաբեությամբ և պաշտոնեական անփութությամբ վարչական տուգանքներ չվճարելու հետևանքով պետությանը 1,38 մլրդ դրամի վնաս է պատճառվել, հարուցվել է քրեական գործը: Այս մասին հայտնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:

Նշվում է, որ 2016-2017թթ. ընթացքում ավտոմեքենաների՝ ՃԵԿ խախտումների սուբյեկտ հանդիսացող մի շարք սեփականատերեր, այդ թվում՝ տաքսի ծառայություն մատուցող ընկերություններ, խուսափելու համար վճարել են վարչական տուգանք­ները, ապացույցներ են ներկայացրել խախտումները գույք կամ եկամուտներ չունեցող ֆիզիկական անձանց կողմից կատարելու վերաբերյալ: Արդյուն­քում Ճանապարհային ոստիկա­նու­թյան ծառայության աշխատակից­ները թվով 97429 վարչական իրավախախտման համար նշանակված մոտ 765 մլն դրամ ընդհանուր գումարով տուգանքներն արձա­նագրել են գույք կամ եկամուտներ չունեցող թվով 478 ֆիզիկական անձի անվամբ:

Իսկ ՀՀ արդարադատության նախարարու­թյան դատա­կան ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները, պարտապանների գույքի կամ դրամական միջոցների հայտնաբերման ուղղությամբ բավարար միջոցներ չձեռնարկելով, վարչական ակտերով գումարների բռնագանձման վերաբերյալ կատարողական վարույթներն ավարտել են պարտապանի կողմից գույք կամ եկամուտներ չունենալու հիմքով:

Նկարագրված արարքներում առկա են առերևույթ տվյալներ, որ ավտոմեքենաների սեփականատերը խաբեության եղանակով խուսափել են վճարել վարչական տուգանք­ների գումարները՝ խոշոր չափերի վնաս պատճառելով պետությանը: Իսկ պետական ծառայություն իրականացնող պատասխանատու պաշտոնատար անձինք, շուրջ 2 տարի շարունակ, թվով 478 ֆիզիկական անձի անվամբ ձևակերպելով բազմաթիվ վարչական իրավախախտումներն ու կատարողական վարույթները, ծառայության նկատմամբ դրսևորել են անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունք: Եվ իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:

Նկատի ունենալով, որ այդ գործողություններում առերևույթ առկա են հանցագործությունների հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի որոշմամբ նշված փաստերով ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով (խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերով վնաս պատճառելը, ծանր հետևանք առաջացրած պաշտոնեական անփութությունը) հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

Արդեն մի քանի ամիս շարունակվող ուսումնասիրությունների արդյունքում, ներառյալ վերոնշյալը, ՀՀ գլխավոր դատախազությունում ՃԵԿ կանոնների խախտման համար վարչական տուգանքների վճարման ապահովումն անհնարին դարձնելու հանցավոր մեխանիզմների կիրառման փաստերով հարուցվել է թվով 7 քրեական գործ: Դրանցով պետությանը պատճառված վնասի չափն արդեն իսկ կազմել է շուրջ 1,38 մլրդ դրամ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---