Յուրացրել են նպաստները. Ստեփանավանի սոցծառայության 4 աշխատակից է ձերբակալվել

Յուրացրել են նպաստները.  Ստեփանավանի սոցծառայության 4 աշխատակից է ձերբակալվել

PanARMENIAN.Net - Ձերբակալվել է Ստեփանավանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության 4 աշխատակից. նրանք կասկածվում են սոցիալական նպաստի գումարները խարդախությամբ հափշտակելու մեջ, հայտնում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը:

Պարզվել է, որ Ստեփանավանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության թվով 5 աշխատակից, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, սկսած 2007թ.-ից, տարբեր ժամանակահատվածներում, մինչև 2018թ. հունիս ամիսը, առանց մի շարք քաղաքացիների գիտության, Ստեփանավանի տարածքային գործակալության համակարգչային բազայում կեղծ տեղեկություններ են մտցրել նրանց սոցիալապես անապահովության վերաբերյալ և ապօրինի ձևակերպել ընտանեկան նպաստներ: Նրանք այդ գումարները նպաստառուների ցուցակներում հաշվառված նույն անձանց հանձնելու պատրվակով, նրանց անունների դիմաց ստորագրելով, «Հայփոստ» ՓԲԸ տվյալ տարածքներն սպասարկող բաժանմունքների փոստատարներից անձամբ ստացել և այդ կերպ խարդախության եղանակով հափշտակել են առանձնապես խոշոր չափերի գումար:

Ձեռքբերված տվյալները վկայում են, որ այս ժամանակահատվածում Ստեփանավանի տարածքային գործակալությունում ապօրինի հաշվառվել են հարյուրավոր կեղծ նպաստառուներ: Նրանց անվամբ ձևակերպված նպաստի գումարները տևական ժամանակահատվածում՝ յուրաքանչյուր ամիս «Հայփոստ» ՓԲԸ փոստային բաժանմունքի աշխատակիցների միջոցով փոխանցվել են գործակալության աշխատակիցներին:

Վերականգնվել էր պետությանը պատճառված մոտ 15 մլն դրամի չափով վնասը, սակայն արդեն իսկ ակնհայտ է դարձել, որ վերը հիշատակված փաստական տվյալների առկայության պայմաններում պետությանը պատճառված վնասի չափը զգալիորեն գերազանցում է քրեական գործի հարուցման հիմքում դրված չափին: Քննությամբ ի հայտ եկող նոր հանգամանքների բերումով, պետությանը պատճառված վնասի չափն անընդհատ աճի միտում ունի, ինչը վերջնական կճշգրտվի և կներկայացվի քննության ավարտական արդյունքներով:

2018թ. հուլիսի 19-ին ՀՀ քրեական օրենսգրքին 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքները կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են ՀՀ Լոռու մարզպետարանի Ստեփանավանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության թվով 4 աշխատակիցը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---