«Լիդիան Արմենիան» հայտարարում է, որ որևէ առնչություն չունի հարուցված քրեական գործի հետ

«Լիդիան Արմենիան» հայտարարում է, որ որևէ առնչություն չունի հարուցված քրեական գործի հետ

PanARMENIAN.Net - «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունը, անդրադառնալով «Հարուցվել է քրեական գործ՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ» վերտառությամբ ՀՀ Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրությանը և ԶԼՄ-ների կողմից այդ հաղորդագրության տարածմանը, իր վրդովմունքն ու տարակուսանքն է արտահայտել: Դա վերաբերում է ինչպես Կոմիտեի կողմից վերոնշյալ հաղորդագրությունում «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության անվան շահարկման, այնպես էլ՝ որոշ լրատվամիջոցների կողմից hաղորդագրությունում առկա տեղեկատվության ակնհայտ խեղաթյուրման առնչությամբ:

Ընկերությունը հայտարարում է, որ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն որևէ առնչություն չունի հարուցված քրեական գործի և դրանում ներգրավված անձանց հետ և հետամուտ է լինելու ընկերության անունը շահարկող և գործարար համբավն արատավորող անձանց՝ օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելուն:

Ընկերությունը՝ ինչպես որոշ լրատվամիջոցների կողմից ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց նկատմամբ հարուցված քրեական գործը որպես Լիդիանի դեմ հարուցված քրեական գործ ներկայացնելը, այնպես էլ Քննչական կոմիտեի կողմից տարածված հաղորդագրությունում «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության անունը հիշատակելը, դիտարկում է՝ որպես դիտավորություն, և ընկերության դեմ ուղղված հակաքարոզչության դրսևորում:

Հայտարարության մեջ ասվում է, որ «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունը որևէ տեղեկություն պատկան մարմիններից երբևէ չի թաքցրել, իսկ ընկերության կառավարման մարմիններում ընգրկված անձինք վստահ են, որ ընկերությունը հետևել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված բնապահպանական բոլոր պահանջներին:

«Պահանջում ենք այն լրատվամիջոցներից, որոնք Քննչական կոմիտեի հաղորդագրությունը ներկայացրել են որպես «Լիդիանի» դեմ հարուցված քրեական գործ, հերքել այդ տեղեկատվությունը, քանի որ Քննչական կոմիտեում ընկերության նկատմամբ նման գործ չի հարուցվել: Միևնույն ժամանակ ակնկալում ենք, որ քննչական մարմինները հետայսու մասնավոր անձանց ենթադրությունների հիման վրա հարուցված քրեական գործերում կխուսափեն անհարկի հիշատակել երկրի խոշորագույն ներդրողի անունը, հաշվի առնելով, որ նման շփոթեցնող հաղորդագրությունները բացասաբար են անդրադառնում միջազգային ներդումային շուկայում ընկերության և երկրի վարկանիշի վրա»,-ասվում է ընկերության հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը տեղեկացրել է, որ դեպի Ամուլսարի հանք տանող «ճանապարների մի խումբ անձանց կողմից ապօրինի փակման հետևանքով, «Լիդիան Արմենիան» չի կարողանում իրականացնել հանքում շինարարական աշխատանքների տարածքի բնապահպանական կառավարումը:

Արդեն ավելի քան երկու շաբաթ է՝ Ամուլսարում ոսկու հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիական և բնապահպանական խմբերը փակ են պահում դեպի հանքավայր տանող ճանապարհները՝ խոչընդոտելով այստեղ ընթացող շինաշախատանքներին:

Հուլիսի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Ջերմուկ: Նա հանդիպել է «Հայկական բնապահպանական ճակատի» ներկայացուցիչ Լևոն Գալստյանի և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի հետ, լսել Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ նրանց մտահոգություններն ու փաստարկները:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---