Մանուկյան. Վերաքննիչի որոշումն առնվազն խնդրահարույց է, ՀՀ նախագահի անձեռնմխելիության դրույթը բացարձակ չէ

Մանուկյան. Վերաքննիչի որոշումն առնվազն խնդրահարույց է, ՀՀ նախագահի անձեռնմխելիության դրույթը բացարձակ չէ

PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը, անդրադառնալով Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմանը, ասել է, որ այն «առնվազն խնդրահարույց է», հայտնում է «Առավոտ» օրաթերթը:

Մանուկյանն ասել է, որ Հայաստանի Հանրապետության նախագահի անձեռնմխելիության դրույթը բացարձակ չէ:

«Դա արձանագրված է հենց նույն իրավանորմում։ Իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չհետապնդվելու և պատասխանատվության չենթարկվելու կանոնը սահմանադրական նորմը կապակցում է նախագահի կարգավիճակից բխող գործողությունների հետ միայն: Այսինքն, հարուցված քրեական գործով քննության առարկա պիտի դառնար այն հանգամանքը, թե մեղսագրվող արարքները բխել են արդյոք նախագահի կարգավիճակից, թե՝ ոչ։ Եվ այս իրավական խնդիրը պետք է իր պատասխանն ստանար բազմակողմանի քննության արդյունքում և վերջնական գնահատականի պիտի արժանանար գործն ըստ էության քննող դատարանում։ Սակայն, փաստացի ստացել ենք իրավիճակ, երբ խափանման միջոցի հարցը քննող դատարանն, ըստ էության, լուծել է ընդհանրապես քրեական գործի ճակատագիրը», - նշել է Մանուկյանը:

Ավելի վաղ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ովՄարտի 1-ի գործով մեղադրվում է երկրի սահամանադրական կարգը տապալելու մեջ, ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմամբ ազատ է արձակվել:

Քոչարյանի փաստաբաններից Ռուբեն Սահակյանը տեղեկացրել է, որ դատարանը բավարարել է պաշտպանական բողոք՝ հաշվի առնելով, որ Քոչարյանն անձեռնմխելի է, օգտվում է անձեռնմխելիության իրավունքից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---