Հայաստանը դեմ է բոլոր այն քայլերին, որոնք կարող են խաթարել ղարաբաղյան բանակցությունների էությունը

PanARMENIAN.Net - Մայիսի 7-ի առավոտյան, ԵԽ Նախարարական կոմիտեի նստաշրջանից առաջ, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դը Բրիշամբոյի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ համագործակցության, ինչպես նաեւ Հայաստանի նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ-ի «Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրա֊սեն֊յակի (ODIHR)» դիտորդական առաքելության հրապարակած զեկույցների հետ կապված հարցեր:



Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացի կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարարը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին տեղեկացրեց Ադրբեջանի ԱԳ նախարար Է. Մամեդյարովի եւ ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հետ նախորդ օրը կայացած հանդիպման մասին, նշելով, որ Հայաստանը բարձր է գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ համանախագահների գործադրած ջանքերը եւ պատրաստ է առկա գործընթացը շարունակել Մադրիդի նախարարական հանդիպմանը նրանց կողմից ներկայացրած առաջարկների հիման վրա, որոնք առաջընթացի հնարավորություն են ընձեռում:



Նախարարը նշեց նաեւ, որ Հայաստանը դեմ է բոլոր այն քայլերին, որոնք կարող են հակասել Մինսկի խմբի ջանքերին եւ խաթարել բանակցությունների էությունը:



Նախարարը գոհունակություն հայտնեց նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ համագործակցության մակարդակից, հայտնելով, թե հայկական կողմի եւ գրասենյակի միջեւ ի սկզբանե ձեւավորվել է սերտ համագործակցության ավանդույթ:



ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրեց Հայաստանի քաղաքական ղեկավարության քայլերը, որոնք նպատակաուղղված են հասարակական վստահության հաստատմանը եւ տարբեր քաղաքական ուժերի միջեւ ընդհանուր մտահոգություն առաջացնող հարցերի շուրջ երկխոսության ծավալմանը: Նա տեղեկացրեց, որ ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ ԵԽԽՎ 1609 բանաձեւում ամփոփված առաջարկությունների իրագործման համակարգման նպատակով:



Այդ հարցում Հայաստանի քաղաքական կոալիցիան նույնպես պատրաստակամություն է հայտնում հետեւողականորեն իրագործելու այնպիսի բարեփոխումներ, որոնք, մասնավորապես, վերաբերում են քաղաքական համակարգում ընդդիմության գործունեության հնարավորությունների ընդլայնմանը, ընտրական գործընթացների նկատմամբ հանրության վստահության էական բարձրացմանը, խոսքի ազատության եւ զանգվածային լրատվամիջոցների գործունեության անկախության ամրապնդմանը եւ դատական համակարգի լիարժեք համապատասխանեցմանը եվրոպական չափանիշներին:



Նալբանդյանը տեղեկացրեց, որ Հայաստանի խորհրդարանում նույնպես ստեղծվել է աշխատանքային խումբ` նախագահական ընտրությունների առնչությամբ ընտրական գործընթացների բարելավման վերաբերյալ միջազգային եւ մասնագիտական կազմակերպությունների առաջարկությունների ուսումնասիրման եւ Ընտրական օրենսգրքի ու ընտրական գործընթացների կատարելագործման համար Ազգային ժողովին առաջարկություններ ներկայացնելու նպատակով:-0-
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---