Լիբանանի հայ համայնքին ոչինչ չի սպառնում

PanARMENIAN.Net - Բեյրութի հայկական համայնքին ոչինչ չի սպառնում: Քրիստոնեական թաղամասերում կյանքը դեռեւս հանդարտ է, բախումներ չկան: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը: «Բեյրութի արեւմտյան մասում հայկական ճեմարանի մոտ կան զինվորներ: Այստեղ եւս հայերի հետ կապված ոչ մի միջադեպ չի գրանցվել: Սակայն զինված բախումները անդրադարձան նաեւ հայ համայնքի վրա: Մեքենաների մեծ կուտակումների պատճառով դեպի օդանավակայան տանող ճանապարհները փակ են: Չվերթները հետաձգվել են, այդ թվում նաեւ «Արմավիաի» Երեւան-Բեյրութ չվերթը, որ կատարվում էր շաբաթը երկու անգամ: Բեյրութում նաեւ տեղի է ունեցել երեք հայկական կուսակցությունների խորհրդարկցությունը, որոնց առաջնորդների ելույթները ինչ-որ չափով կոչված են հանգստացնելու Լիբանանի հայ բնակչությանը: «Ազդակ» թերթում սահմանվել է աշխատանքի արտակարգ ռեժիմ, լրատվության ծառայությունները աշխատում են վաղ առավոտից մինչեւ ուշ երեկո»,-պատմել է Քանդահարյանը:



Անցած հինգշաբթի Բեյրութում բախումներ բռնկվեցին ընդդիմության եւ Ֆուադ աս-Սենյորայի արեւմտամետ կառավարության կողմնակիցների միջեւ: Շիաների «Ամալ» եւ «Հեզբոլլահ» շարժումների ակտիվիստները, նրանց քրիստոնյա կողմնակիցները գրավել են մայրաքաղաքի մի քանի շրջաններ եւ փակել են միջազգային օդակայան տանող ճանապարհը: Բախումները սկսվեցին այն բանից հետո, երբ կառավարությունը որոշում կայացրեց վերացնել «Հեզբոլլահ» շարժման գաղտնի հեռախոսակապը եւ պաշտոնանկ արեց միջազգային օդակայանի պահպանությունը ղեկավարող բարձրաստիճան սպային: Առիթ հանդիսացան քաղաքացիական անհնազանդության գործողությունները, որ կազմակերպել էին արհմիությունները գնաճի եւ ցածր աշխատավարձերի դեմ: Այնուհետեւ բռնությունները տարածվեցին նաեւ երկրի այլ շրջաններում: Ընդամենը զոհվեց 36 մարդ, տասնյակները` վիրավորվեցին: Կիրակի գրոհայինները սկսեցին լքել քաղաքի փողոցները, զիջելով տեղը կանոնավոր բանակին: Դա հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ բանակը հայտարարեց, որ սառեցնում է բախման պատճառ հանդիսացած կառավարության որոշումները: Լիբանանն արդեն կես տարի է ինչ ապրում է քաղաքական ճգնաժամի պայմաններում, առանց նախագահի, որի աթոռը թափուր է 2007թ. նոյեմբերի 24-ից ի վեր` իշխող մեծամասնության եւ ընդդիմության տարաձայնությունների պատճառով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---