ՔԿ․ Սերժ Սարգսյանի անունը նշվել է ՌԴ-ից հայ գործարարի ունեզրկման վերաբերյալ քննվող գործում

ՔԿ․ Սերժ Սարգսյանի անունը  նշվել է ՌԴ-ից հայ գործարարի ունեզրկման վերաբերյալ քննվող գործում

PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեում ռուսաստանահայ գործարար Լևոն Մարկոսի ընկերությունների բաժնետոմսերը առերևույթ խարդախությամբ հափշտակելու վերաբերյալ քննվող քրգոծում մատնանշվել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի անունը՝ որպես Մարկոսի գույքն առանց վերջինիս գիտության օտարելուն, սեփականությունը նրանից վերցնելուն առնչություն ունեցած անձ։

Ինչպես հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը, գործը վերաբերում է «Կրեդիտ Երևան» բանկի և «Լեվ Մարսեդ» ՍՊԸ ընկերության առանձնապես խոշոր չափերի արժեք ունեցող բաժնետոմսերը առերևույթ խարդախությամբ հափշտակելու դեպքին։ Համապատասխան քրգործը հարուցվել է դեռևս 2009թ-ին, մեղադրյալ էր ինքը՝ Մարկոսը։ 2009-ի նոյեմբերի 2-ին որոշում է կայացվել՝ Մարկոսին կալանավորելու մասին, հայտարարվել է հետախուզում: 2009թ. նոյեմբերի 23-ին քրգործի վարույթը կասեցվել էր:

2018թ. մայիսի 18-ին Մարկոսի կալանավորումը վերացվել է, կասեցված վարույթը վերսկսվել, հունիսի 19-ին Մարկոսն ինքնակամ ներկայացել է, և նրան կրկին առաջադրվել է մեղադրանք։

Մարկոսը ցուցմունք է տվել, որ բանկը ձեռք է բերել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից արված առաջարկի հիման վրա։ Ընդ որում՝ նախքան գործարքը կնքելը, նրանից թաքցվել է բանկի իրական ֆինանսական վիճակը, անվճարունակ լինելը, որի մասին ներդրողը ռեալ պատկերացում է կազմել միայն բանկում և վերջինիս պատկանող գործարաններում ներդրումներ կատարելու ժամանակ։ Ավելին՝ բանկի իրական ֆինանսական վիճակը պարզելուց և այդ մասին բարձրաձայնելուց հետո Լևոն Մարկոսից պահանջվել է «Կրեդիտ Երևան» բանկին պատկանող անշարժ գույքերի մի մասը հանձնել բարձրաստիճան պաշտոնյային, ինչը մերժել է։ Դրանից հետո իր նկատմամբ սկսվել է ապօրինի քրեական հետապնդում, հայտարարվել է հետախուզում՝ ՀՀ իր վերադառնալը կանխելու համար: Հետագայում տեղեկացել է, որ իր աշխատողներին ազատել են բանկից, իսկ բանկը և Հայաստանում իրեն պատկանող մի շարք անշարժ գույքեր` Երևանի Դերժինսկու անվան հաստոցաշինական գործարանը և երեք շուկաները, առանց իր գիտության, անհայտ պայմաններում օտարվել են։ Բացի այդ, ըստ գործարարի, առանց իր գիտության դադարեցվել է նաև Կապանի պղնձամոլիբդենային կոմբինատի նկատմամբ իր սեփականության իրավունքը:

ՌԴ իրավապահ մարմինները մերժել են իրեն ՀՀ էքստրադիցիայի ենթարկելու պահանջը, որից հետո այդ քրգործն ուղարկվել է ՌԴ։ Այնտեղ կատարվել է նախաքննություն, արդյունքում ապացուցվել է իր անմեղությունը և քրգործը կարճվել է, ինչից հետո Հայաստանում Մարկոսի դեմ հարուցվել է նոր քրգործ:

Որպես գործարարի գույքն առանց նրա գիտության օտարելուն, սեփականությունը նրանից վերցնելուն առնչություն ունեցած անձանց թվում մատնանշվել է նաև ՀՀ բարձրաստիճան պաշտոնյա Սերժ Սարգսյանը: Տվյալներն ուղարկվել են գլխավոր դատախազություն՝ ՔՀԾ հանձնելու համար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---