Արագածոտնի նախկին մարզպետը յուրացրել է ջրագծի կառուցման գումարը (վիդեո)

Արագածոտնի նախկին մարզպետը յուրացրել է ջրագծի կառուցման գումարը

PanARMENIAN.Net - Արագածոտնի ՀՀԿ-ական նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը չարաշահումներ է արել մարզի Ներքին Բազմաբերդ համայնքի խմելու ջրի՝ մոտ 30 մլն դրամ արժեքով ջրագծի կառուցման ընթացքում, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:

Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ 2015թ․ սեպտեմբերի 19-ին Արագածոտնի մարզպետարանի և «Գրէդշին» ՍՊ ընկերության միջև կնքվել է 29 մլն դրամի շինարարական աշխատանքներ կատարելու վերաբերյալ պայմանագիր։ 4 օր հետո, մարզպետի կարգադրությամբ ձևավորվել է շինարարական օբյեկտների աշխատանքին հետևող հանձնաժողով։

Նախնական տվյալներով՝ որոշ ժամանակ անց «Գրէդշին» ընկերության տնօրինությունը իրականությանը չհամապատասխանող հավելագրումներ կատարելով՝ պատրաստել է շինարարական աշխատանքները ավարտելու վերաբերյալ կեղծ ավարտական ակտ։ Մարզպետը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, հորդորել է հանձնաժողովի նախագահին ու անդամներին՝ հաստատել ավարտական ակտը։ Ապա, 2016 թ․ հունվարի 21-ին մարզպետն ինքն է ստորագրությամբ հաստատել հանձնաժողովի նախագահի և որոշ անդամների չստորագրած, որոշ անդամների կեղծ ստորագրությամբ կամ համայնքի ղեկավարի պարտադրանքով ստորագրված ավարտական ակտը։ Արդյունքում՝ «Գրէդշին» ընկերությունը յուրացրել է 10,6 մլն դրամ։

Առանձնապես խոշոր չափի գումար յուրացնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և էական վնաս առաջացրած պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Քննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
---